31.12.11

Անֆորմատ շնորհավորանք...

Վերջում ուզում եմ երկու գիշեր չքնած ու քնաթաթախ ուղեղիս զոռ տամ ու մի բան էլ ես ասեմ...

Շնորհակալ եմ, իմ բոլոր ընկերներին, որ հարստացրեցին 2011-ս, որպես հետագա կյանքիս հուշալբոմ, շնորհակալ եմ նաև նրանց ովքեր հեռացան, ու ինչ-ինչ պատճառներով «ստիպված» չեղան մնալ կողքիս, ու ինձ էլ չստիպեցին հանդուրժեմ իրենց ներկայությունը (կորչի՛ պարտադրված ընկերությունը)....
Նրանց բոլորին և Ձեզ՝ ամենքիդ, երջանկությո՜ւն, թող հետայսու Ձեր սրտերը միշտ վառ լինեն, ավելի վառ, քան նոր տարվա տոնածառները...

Սրա մասին չմոռանաք....


Դու, հենց դու....

ամեն օր աշխարհը սարքում ես ըստ քո հայացքի: Աշխատիր, որ տգեղ մտքեր չհաստատվեն այնտեղ, որովհետև քո երջանկությունը դրանից է կախված: Որովհետև դու քեզ պետք է նայես քո ամենաջինջ հայացքով, որովհետև երջանկությունն ի վերջո սեփական ես-իդ հանդեպ դրական գնահատական է, երբ գոհ ես ինքդ քեզանից: իսկ երբ հայացքիդ մեջ տգեղ մտքեր կան պատկերները լղոզվում են = ինքդ ես լղոոզվում:

Մաքրիր հայացքդ: Դա միակ ձևն է աշխարհը գեղեցկացնելու, քանզի քո հայացքն աշխարհին ամեն օր վերափոխում է, ըստ այդմ էլ աշխարհը տվյալ պահին իրեն ուղղված հայացքների արտադրույթն է:
Քո հայացքի պարգևի մեջ անպատմելի գեղեցկություններ կան, որոնք քո բարի կամքին են սպասում, որպեսզի նվիրվեն բոլորին:

Ժպտա:

Դու հրաշագործ ես:

Դու կարող ես փոխել աշխարհը:

Դու պարտավոր ես:

28.12.11

ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սև ու սպիտակ մի պատմություն,
Լարված ծուղակ մենակության,
Հիմարության անմեղություն,
Չարիքն ընդդեմ հիմարության...

Նուրբ լազուրով պատված վերքից՝
Ատելության մեծ աղբանոց,
Կախված հոգու ճիրաններից՝
Ժամանակին նետված ձեռնոց...

Նողկանքների համբույրները նուրբ այտերին՝
Տենչանքների նսեմացում,
Հարված գլխով սև պատերին,
Երազների մումիայացում:


Հերոսների անպետք մահեր խենթ հուշերում,
Ճիվաղների ուրախ ծնունդ ժանապարհին
Հոգնած հոգին մութ քարայրում,
Իսկ վերջում լույս`մահը խենթի...


Ծնունդ և մահ,
Իսկ արանքում դատարկություն,
Խենթի համար
Սև ու սպիտակ մի պատմություն...

15.12.11

Քիրվան...



Խաչիպապն էրզրումցի էր:
Գաղթի ժամանակ իր գերդաստանը հավաքած եկավ, գյուղի սուրբ Հովհաննեսը նմանեցրեց իրենց ժամին ու գլխարկը հանեց... Տան հիմքը էնպես գցեց, որ դուռն Էրզրումին նայի: Հիշողությամբ կրկնեց տան ամեն մի քարի նախշը: Ամեն առավոտ ելավ, նստեց դռան քարին, չիբուխը լցրեց ու էրգրին բարև արավ: Թուրք սահմանապահը չկարողացավ երբեք տեսնել սամանախախտ զգացմունքները:

Խաչիպաը չսիրեց նոր գյուղի՝ քարերի մեջ կորած գերեզմանոցը:
- Լաո, օր մեռա ինձի էդ անիծված քարերու մեջ չթաղեք, դուրա՜ն, հողո՛տ տեղ կթաղեք... Հայացքս դեպի Էրգիր....սողալով Էրգիր պիտի էրթամ...
Հինգ տղին նշանեց ու պատվեր տվավ.
- Ամեն մեկեդ յոթը լաճ տղա կուզիմ՝ Էրգրիս զինվորներ:
Տարիներ անց թոռներին գիրկը նստացրած պատմեց Էրգրի մասին, թաքցրած ոսկեղենի տեղը պատմեց, ու երդում կորզեց, որ փոխարենը պապերի գերեզմանին խունկ պիտի ծխեն...
- Սուրբ Հովհան ձըզի պահապան ի՛մ բալեք,- ասում էր պապը ու հայացքը դարձնում դեպի եկեղեցի: Ապա հիշում էր Տեր Մաղաքին, իր խոսքերով ասած՝ ղառղառին, ու դեմքը կնճռոտում:

Նոր էին գաղթել Խաչիպապենք, երբ իրենց հյուր եկավ Ղազախի թուրքերից իր ընկերը՝ մոլլա Մահմուդը: Եկավ փաթաթվեց Խաչիպապին ու իրար հետ լաց եղան: Խոսեցին երկար, ու Մահմուդը Խաչիպապից իմանալով, որ Սուրբ Հովհաննեսը իրենց Էրզրումի իրենց ժամին նմանեցնելու համար է էստեղ մնացել, ուզեց տեսնել այն: Գնացին իրար հետ: Իրար հետ ներս մտան եկեղեցի, ծունկի եկան ու ամեն մեկն աղթեց իր աստծուն:
Տեր Մաղաքն էդ պահին մտավ եկեղեցի, քարացավ մի պահ, ապա բացականչեց.
- Նզովյա՜լ, դուրս կորի աստծո տաճարից...
Խաչիպապը սպառնալից մոտեցավ նրան.
- Նզովյալը դու՛ն ես, մարդն աղոթք կենե, ի՞նչ կուզես...,- ու կանգնեց դիմացը այնքան, մինչև Մահմուդն իր աղթոքը վերջացրեց, ապա մոտեցավ նրանց:
- Բարի օր քեշիշ բաբա, մի նեղսրտի ու մի անիծիր աստծո մարդուն, դու էլ ես աստծո մարդ: Աստվածն էլ մեկն է, կուզե Ալլահ լինի անունը, կուզե Քրիստոս: Ես ձեր ազգի բարեկամն եմ, եկել եմ իմ քիրվայի տուն:
- Աստծո անունը չտա՜ս, անհավա՛տ,-բացականչեց Տեր Մաղաքը,- դու՛րս ժամեն...
- Քեշի՛շ բաբա, իմ քիրվայի հետ բարեկամությունն ինձ ավելի թանկ է, քան կրոնը: Ես ի՛նքս եմ ցանկացել աղոթել Քրիստոսին՝ քիրվայիս ընտանիքի փրկության համար: Ներող եղիր....Աստված քեզ հետ...,- ասաց Մահմուդն ու դուրս եկավ
Խաչիպապը դաժան մի հայացքով նայեց տեր Մաղաքի զայրույթից վառվող աչքերին ու նետեց.
- Ղառղառի կնմանիս, Տե՛ր Մաղաք...

Տարին երկու անգամ բեռով-բարձով գալիս էր Մահմուդն իր քիրվայի «ոտքը», մնում էր նրանց տանը մի քանի օր, ու աղոթում էր սուրբ Հովհաննեսի պատի տակ. էլ ժամ չեր մտնում, որ Տեր Մաղաքի հետ չվիճաբանի:
Գյուղի բարեկամն էր դարձել Մահմուդը, ու ամեն գալուց գյուղովի հավաքվում էին նրա հետ զրուցելու: Միայն Տեր Մաղաքն էր թշնամությունը պահում:


Ու երբ հարյուր գարունը բոլորած Խաչիպապն իր հոգին ավանդեց, թաղմանը եկավ նաև Մահմուդը: Եկավ, լացեց, ու Խաչիպապի գերեզմանի կողքին խնդրեց Տեր Մաղաքին.
- Քեշի՛շ Մաղաք, քիրվայիս հոգին թող աստծո խաղաղություն վայելե, կխնդրեմ քեզի, թե Աստված կսիրես, ե՛կ հաշտվինք, թող քիրվաս հանգիստ գնա....
Տեր Մաղաքը լռեց մի պահ, ապա գրկեց Մահմուդին, ու Խաչիպապի գերեզմանին ժողովրդի զարմացած աչքի առաջ լսվեց նրանց երկձայն Տերողորմեան: Ժողովուրդն ուրիշ ե՞րբ էր տեսել մոլլային Տերողորմեա կարդալիս...

Հեռանալուց առաջ Մահմուդը մատով խաչ նկարեց Խաչիպապի գերեզմանին ու ասաց.
- Հավատիդ մեծության չափով ջեննեթի բարիքները վայելես, մե՛ծ մարդ...

Տասն օր անց լուր եկավ, որ Մահմուդին քարկոծելով սպանել են Ալլահին ու իր մարգարեին անարգելու համար....

5.12.11

Արի էսօր....

Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի պես,
Ու թող էսօր իմ փոխարեն դու՛ տանջվես....
Թող որ էսօր ողջակիզումն ամբողջանա
Ու տաք գրկում քո վերանա....

Արի էսօր քեզ համբուրեմ սիրածի՜ պես....

14.11.11

Տեր Պողոսը ... (անսկիզբ ու անավարտ պատմություն 2)

    Տեր Պողոսն իր հոգին տաքացնում էր Աստծո հետ մի յուրօրինակ մենախոսությամբ ու երկա՜ր,երկա՜ր զրույցներով: «Ի սկզբանե էր բանն և բանն էր առ աստված»: Նրանց զրույցը մի լուռ համերաշխություն էր երկուսի միջև: Աստծո խոսքը նրա համար վերածվել էր երգեհոնի հնչյունների, պատերի զարդանաղշերի անգամ աստվածաշնչի կաշեկազմի բույրի. Աստված նրա համար ամենուր էր:
    Տարբեր էին նրանք` ի պաշտոնե քահանա Տեր Գարեգինն ու կոչումով հոգևորական Տեր Պողոսը:
    Տեր Պողոսն իր աշխարհիկ կյանքից գեղեցիկ հուշեր ուներ պահած և երջանիկ էր: Երջանիկ էր քանզի հասկացել էր, որ երջանկությունը հուշերից չի բաղկացած, հուշերն են, որ երջանկության խտացումներ են: Նրա ներկայիս երջանկության մասն էին կազմում նաև Տեր Գարեգինն ու Անուշը, քանզի իրեն մենակ էին թողնում իր հետ:
     Նա վայելում էր միայնության երջանկությունը:
     Տեր Պողոսը ավելի քան տարօրինակ էր Անուշի համար: Մոմավաճառի իր սենյակի տամկացած պատուհանից անընդհատ հետևում էր նրան ու չէր հասկանում: Մենակությունը Անուշի համար իր խուցն էր, որը բանտի կերպարանք էր ստանում: նա չէր հասկանում որ մենակությունը մարդուն կարող է դարձնել անսահմանորեն ազատ, եթե, իհարկե այն միտումնավոր բանտ չես սարքում քո համար: Մի անգամ նա նույնիսկ լսեց, թե բժիշկն ինչպես համոզված շշնջաց մի ծերունու, որը բողոքում էր մենակությունից. «Դուք մենա՞կ եք, ի՜նչ բախտավոր եք».....
     Տեր Գարեգինի արհամարանքը հետզհետե տեղի էր տալիս: Նա սկսել էր կատաղության չափ նյարդայնանալ Տեր Պողոսի լռությունից:
     Սկսեցին արածվել շշուկներ: Շշուկները բումերանգի տեսքով վերադարձան և թափ առած մտան եկեղեցի` խե՜նթ է..... Տեր Պողոսը ոչինչ չասաց, միայն թոթվեց ուսերը:
     Հետո սկսվեցին տարօրինակ հայացքներ, տարօրինակ հարցեր, որոնք ձնագնդիի պես գլորում ու մեծացնում էին շշուկները` խե՜նթ է..... Տեր Պողոսը` անհաղորդ այս ամենին, վայելում էր իր մենությունն Արարչի հետ, մինչդեռ գմբեթի ճեղքերից ներս թափանցող լույսը փոշիներից ոսկի էր սարքում ու լցնում նրա գլխին:
     Անցյալի ու ներկայի սահմանագծում անփոփոխ առօրյան էր, մինչև մի օր կատարվեց անսպասելին......

17.10.11

Վերնագիրը վերջում...

Ես կարկուտներ կյանքում
Շատ եմ տեսել,
Ու անձրներ եմ տեսել վայրի,
Բայց դեռ կանգուն եմ
Տե՛ս,
Սպասում եմ մի օր
Վերջին կայծակը
Գլխիս ճայթի…

Ի՞նչ անեմ, որ նման եմ ծառի….

29.9.11

Խենթը...

Հիվանդասենյակի դուռը բացվեց, ու միջանքից ներս ընկած լույսի շողերի մեջից երևաց բժիշկ Տիգրանյանի կերպարանքը:
Սասունը դադարեցրեց լացը, նայեց իր հայրենակցին ու թախանձեց.
- Բժի՜շկ այս հիվանդ ազգեն միակ առողջին ինչո՜ւ հոգեբուժարան ձգած եք: Ազգիդ մեռած հատվա՜ծը հոս բերելու էր.....
- Սասո՛ւն, հանգստացիր խնդրեմ, աս գիշեր ես հոս պիտ ըլլամ, ողջ գիշեր կրնանք խոսիլ:
- Ի՜նչ խոսինք, բժիշկ, լալ է պետք, լալ ու լա՜լ....ինչո՞ւ ես չմեռա, ինչու դո՜ւ չմեռար, ինչո՞ւ ապրեցինք, որ այս ամոթալի խարանը ճիտերուս առած ապրի՞նք:
- Հանգստացի՛ր Սասուն, դեռ կհասցնենք խոսիլ, մի լար:
- Բժի՜շկ, դուն չե՜ս հասկնար ինձի, բժի՜շկ ես բյուր մահեր տեսած մարդ եմ, որ այդ բյուրի մեջ տասը կռիվ տվող ձեռք չտեսավ,- լաց եղավ Սասունը, ապա բժշկի լռությունից օգտվելով շարունակեց, - Սարասփելի է ազգը, որ ինքնակամ մորթվելու կերթա, բժիշկ աս աչքերս էին զոր հազարավոր մահեր տեսան, արյուն, լաց ու կոծ: Աս աչքերս էին, օր ամոթից արյունկոխ էղան, երբ մի ողջ ժողովուրդ, ոչխարհի մը հոտին պես գայլերուն զոհ գնաց...ու ոչ մի դիմադրությո՜ւն.... Ո՜ւր էր ազգին պատիվը, երբ քսան հրացանավորներ 1500 հոգու քշելով հասցրին Դեր-Զոր: 3000 ձեռք չկրցան կռիվ տալ 40 փամփուշտի դեմ ու կոտորվեցան անողոք, տղամադիկ կնոջ տարազ հագան, դիակներու տակ պառկեցան օր փրկվեն: Ամոթը ո՞ւր էր ջանմ.... Ազգիդ քաջությունն ո՞ւր կորավ....Բժիշկ, կրնա՞ս հասկնալ իմ ցավը: Ինչո՞ւ չորցեր էր ազգիդ արգանդը, օր հերոսներ չծնավ: Ուրիշ ազգի մը ճակտին կա՞ նման բան գրած:

25.9.11

X-ին


Երբ կխամրեն քո աչքերը,
Քաշելով դանդաղ քո վրայից
Շղարշի նման գեղեցկությունդ,
Երբ քեզանից հոգնած
Քո իսկ թոռները
Հոգոց կհանեն տալով անունդ,
Երբ արդեն թոշնած ու կնճռոտ ձեռքերդ
Ծալելով ցամաքած ու կախ կրծքերիդ,
Կնայես հեռուն ու հին օրերդ
Հեքիաթ կթվան մանուկ օրերիդ,
Գիտցիր որ այդժամ
Եթե չեմ փտում խորքերում երկրի,
Ապա մի կորած ու մութ անկյունում
Այս խենթ աշխարհի,
Ծխախոտից դեղնած ձեռքերով
Շոյելով երկար մորուքս գջլոտ,
Էլի ու էլի քեզ եմ ես տենչում,
Թեկուզ և ձայնդ խռպոտած լինի
Ու մաշկ մոմե` թոշնած, կնճռոտ,
Թեկուզ շուրթերդ էլ ուժ չգտնեն
Որ ժպտան կրկին,
Միայն հայացքդ կրկին ու կրկին
Մեր հին օրերի կրակով փայլի...

Այդժամ, սիրելի՛ս, աղջկա նման
Սպիտակ մազերդ ականջիդ հետև
Քաշիր մատներով
Ու հին օրերից մի երգ դնդնա,
Իսկ ես խենթ քամուց ձայնդ առնելով
Հոգնած կփռվեմ ասվալտի վրա,
Գրկելով պայծառ քո մարմնի տեղակ
Մեն ու միայնակ կետ աչքով փայլող
Մի լապտերի սյուն,
Կմտնեմ հանգիստ խոր ու երկար քուն
Իսկ դու լուռ նայիր ու զննիր հեռուն,
Երբ մենք ջահել էինք,
Ինչքա՜ն հույսեր էինք այնտեղ փայփայում,
Ինչքա՜ն անցավ էր դիտել մեզ համար
Թռչունների չուն...

4.9.11

Իրականություն, որ կուզենայի եղած չլիներ....


Երեկ գիշեր մտա այգի, ուր մի տատիկ էր նստած՝ փոքրամարմին ու վտիտ.... կողքին կապոցով գրքեր էին դրված, ու մի քանի պայուսակ:
Նստեցի իր դիմացի նստարանին ու աչքիս պոչով տեսա, թե ոնց է ինձ տնտղում, մոտեցա, նստեցի կողքին.
- Բարի երեկո, չե՞ք մրսում...
Չպատասխանեց:
Վառեցի ծխախոտս: Նստեցինք այդպես լուռ, բայց և լցված, հագեցած այդ լռությամբ: Ծխեցի, ու երբ փորձում էի վեր կենալ, տատիկը շրվեց ու իր վտիտ ափերի մեջ առավ ձեռքս.
-Շտապո՞մ ես... մնա՜ ինձ հետ....

16.8.11

Բանը.... (անսկիզբ ու անավարտ պատմվածք)


Արուս տատի համար ի սկզբանե Բանն էր....
Նա այնքան էր սիրում այդ Բանը, որ ամբողջ որը "բանում էր" հարևան Վարդանուշի հետ: Թոռնուհին ամեն օր դասից գալուց տատիներին բռնացնում էր այդ սուրբ գործի վրա.
- Տա՞տ, էլի բամբասո՞ւմ եք....
- Աղվորը՛ս, բամ-բա-սանք չէ, բանն ասանք է, - ասում էր Արուս տատը....
- նույն հաշիվն ա,- ծիծաղում էր թոռը,- կուզես բանն ասանք ըլլա, կուզես անանք ըլլա....

1.8.11

Մղձավանջային...

Գիշերը վեր թռա
Ու զգացի ահով,
Որ ափերից դուրս է թափվում,
Լցվում տունս,
Սպառնում է ինձ տակն առնել
Ծով համբերությունս...

28.6.11

Պնդաճակատը...

Թեկուզ քո բոլոր
Կայանքներով ցրես
Ամպերս՝
Գլխիդ հավաքված,
Մեկ է կգամ թաքուն
Գիշերվա մթի մեջ
Ու առտուն շաղ կգամ
Այգուդ վրա...

Ու հենց դռնից դուրս գաս
Բակ-այգիդ ավլելու
Մերկ ոտքերիդ կընկնեմ
Շոգից կվերանա՜մ...

28.06.2011

23.6.11

Ուզում եմ....

Ես ուզում եմ որ դու
Մեկ-մեկ նաիվ լինես
Ու չարաշահես
Համբերությունս...

Հետո ամպես ներսից,
Երբ որոտս լսես,
Փլվես ամպի նման
Ու արտասվես...

Ու անձրևով լցված
Տունս մտնես,
Հոգիս խուժես
Մաքուր օդի նման...

Իմ թաց ու ցողաբույր
Առավոտը լինես՝
Տանս թարմության
Առհավատչյան....

10.6.11

Բարի լո՜ւյս...

Առավոտը բացվեց,
Երկնից լույսը ծորաց,
Ընկավ քրտնած բարձիդ
Ու աչքերիդ վրա...

Լույսին կարոտս տամ,
Թող լույսի հետ գա,
Վերից ծորա, մնա
Մազերիդ վրա...

Առավոտվա լույսից
Թող օրհնանքս հունցվի
Բարի լույսով մաղվի
Բախտիդ վրա...

3.6.11

Բախտ որոնողին...

Ի՞նչ ես փնտրում, գնա՜,
Բախտը ինչի՞դ է պետք
Ինչո՞ւ ես զուր տեղը
Ժամանակդ վատնում:
Բախտդ արդեն տվել է
Քեզ մի անգին նվեր...

Ձեռքեր՝
Քո ապագան
Ի՛նքդ կառուցելու....

2.6.11

***

Երբ ես անցյալ դառնամ,
Չվշտանա՜ս...
Չէ՞ որ,
Մի օր վառվող ապագադ եմ եղել…
Եվ ներկադ եմ եղել այն անցողիկ,
Որ աչքերիդ ժպիտն իր մեջ առել,
Պահել է` փոխանցի դարերին,
Որ ասի, թե մի օր անցյալում
Մի… չեղած ապագա է եղել…

30.5.11

«Առանց հանգերի, բայց սրտի չափով....»
                                              Պ. Սևակ

Տեղափոխվում եմ....

Բեռներս կապել,
Նստել նայում եմ...
Ու չեմ հասկանում,
Թե մի բուռ հոգով
Երկու իշաբեռ
Իմ կորուստները
Ո՞նց եմ տանելու...

27.5.11

Գիտե՞ս....

Գիտե՞ս որտեղ են ծնվում որդերը.
Քո ուղեղի մեջ:
Գիտե՞ս ինչով են սնվում որդերը.
Մտքիդ որթերով...
Հետո մնում են որթեր սնամեջ,
Որոնցից հետո ինչ էլ որ անես
Ողկույզ չի կախվի....

Վտանգավոր են որդերը մտքի...

24.5.11

Մտորում....

Հավերժությո՞ւնը...
Պահ է հպանցիկ.
Անցնում է անդարձ՝
Հետո ցույց տալիս
Իր էությունը....

23.5.11

Խաբվածների շքահանդես

Ինձ խաբել եմ ամեն անգամ
Ամեն անգամ ինձ կաշառել,
Որ դու կմնաս մի ամրոց անհաս՝
Ինչքն էլ փորձեն քեզ պաշարել

Ու համբերանք եմ թաքուն պաշարել,
Որ մի օր դուռդ իմ դեմ կբանաս,
Ու անտեր երկրիս ուժը կդառնաս՝
Երեխաներիս մայրաքաղաքը...

Բայց ո՞վ կաշառքով քո դուռը բացեց
Օտար սերերի զորքերի դիմաց
Ու քեզ մի փոքրիկ գյուղակ դարձրեց
Իր գերտերության անկյունում կորած...

2011թ.

16.5.11

Անվերնագիր...

Լռությունդ էրեկ սիրտս կոտրեց,
Չլինելդ էսօր ձեռքերս է կոտրում.
Ո՞ւմ եմ պետք էսպես կոտրած….

14.5.11

ԴԵՌ...

Դեռ արցունքներ ունեմ լալու,
Բախտիս առաջ ծառանալու
Դեռ ուժ ունեմ...
Ու ինչքան էլ հյութս խմեն
Քո ժայռերը՝
Արմատներում
Ծովանալու դեռ ջուր ունեմ...
Դեռ ուժ ունեմ….
Կասկածներս փարատելու…

11.5.11

Ինքնախորհուրդ

Ցավին ընդառաջ
Վազելուց երբեք
Ցավը չի մարի...

Ավելի լավ է
Դառը արցունքով
Անցյալդ ցողիր,

Սիրտդ թուլացրու,
Անձրևդ շնչիր,
Շրջվիր ու գնա...

Ցավը թիկունքում
Հաստատ կմարի
Երբ մենակ մնա...

22.4.11

«Պատկերասրահի բնակիչը» շարքից

Նկարներիդ բազմության մեջ
Մալևիչյան նկար լիներ,
Ողջ հուշերս ամբարեի,
Թեթևացած հեռանայի
ՈՒ երջանիկ ես դառնայի
Երազիս մե՜ջ, երազիս մե՜ջ....

16.4.11

Անկապ մտորում....ձախ ոտքի մասին

էսօր ձախ ոտքից օրդ սկսիր,
Թող որ գործերդ էսօր աջ գնան,
էդպես է, ջանս, մի ոտքը պիտի
միշտ շարունակի մյուսի ճամփան...

7.4.11

Պատկերասրահի բնակիչը....


Խելառ հուշերս
Չեն թողնում երբեք
Որ քեզ մոռանամ.
Պատեհ, անպատեհ
Պատկերդ բերում,
Աչքերիս առաջ
Պատին են կախում...

Ու թվում է ինձ,
Որ արդեն վաղուց
Ապրում եմ ես քո
...Ցուցասրահում...


Միայնությունս...
Ցուցասրահիդ
Պատերի ներքո,
Կամ նկարներիդ
Շրջանակներում
Մի տեղ մոլորվել
Պառկել քնել է...

Ու ես մենակ եմ
Իմ անմիայնակ
Միայնության մեջ...

Մնամ ի՞նչ անեմ...
Դուրս գամ մարդամեջ....

06-07.04.2011 

3.4.11

***

Ինչ էլ որ անեմ,
ինչքան էլ ջանամ,
Ամենածանր բեռը
Ուսերիս`
Հոգսերս են,
մեկ էլ...
Հոգսերից հոգնած
Սուղ միջոցներս....

03.04.2011թ.

25.3.11

Հայկուներ

***
Երեկ աղոթք արի,
Քեզ չհասավ ձայնս:
Ո՞ւմ երկնքում էիր…

***
Երեկ հիվանդ էի,
Ձեռքդ ճակատիս լիներ`
Մեկեն լավանայի...

***
Դուռս թակեցին,
Վախից թախտի տակ մտավ
Մենակությունս...


22.3.11

«Խնամիները...»


Շրջանից կողքի գյուղ եկած մեխանիկ-կոնբայնավարը այցել էր գյուղ, ու դաշտում աշխատող աղջիկներից մեկին հավանել:
Կողքին կանգնած Մասխարա Սարգսին հարցրել էր.
- Եղբայր ջան էն հուրի-փերին ու՞մ աղջիկն է:
Սա էլ տարել-բերել էր թե.
- Նախագահ Գառնիկի:

Երիտասարդը ոչ էս, ոչ էն, բռնել խաբար էր արել տուն, թե եկեք հարս ուզելու: Երկու օր անց հարազատների դելեգացիան եկել, գնացել էր կոլտնտեսության դաշտերը, գործ անող հարս ու կանանց մեջ գտան իրենց ապագա հարսին, տեսել, հավանել, ու հորեղբորը երեկոյան գործուղել էրին շրջկենտրոն մատանի բերելու:

Հաջորդ երեկոյան հորեղբոր հետ գյուղ էր եկել նաև Գառնիկենց ցեղի զարմիկներից մեկը, որպես բարեխոս: Սպասել էին մինչև երեկոյան աշխատանքներն ավարտվի ու գնացել Գառնիկենց տուն:

Գառնիկն իր հարազատին տեսել, սուփրեն բացել ու քեֆ էր կազմակերպել: Ոչ հարցրել էր, թե հետիններն ով են, ոչ էլ ինչի համար են էկել: Ղոնախն Աստծունն է:

Երեկոյան մի ժամի, երբ քեֆները լավացել էր, հյուրերը սկսեցել էին կամաց-կամաց խոսք բաց անել.
- Գառնիկ ջան շատ շնորհակալ ենք, աստված մեկդ հազար անի, բայց մի խնդրանքով ենք քո դուռն էկել:
Գառնիկն էլ թե.
- Բարին եք էկել, ասեք, տեսնեմ, ձեզ ինչով օգտակար լինեմ:
Թե բա.
- Էկել ենք քեզ խնամիանանք:
- Ո՞նց խնամիանանք:
- Դե ուզում ենք աղջկադ հարս տանենք:
- Լավ եք անում, բայց ես նշանելու աղջիկ չունեմ, իմ աղջիկը դեռ քյորփա է:
- Ո՞նց է քյորփա, ախր էսօր ենք դաշտում գործ անելիս տեսել, արդեն հասա՜ծ աղջիկ է:

Գառնիկը լռել, բեղի տակին խնդացել էր ու.
- Ազնի՜վ, հլա ներս արի, - ու երբ Ազնիվն եկել էր ներս, հարցրել էր,- էս աղջկա՞ս եք հավանել:
- Հա, Գառնիկ ջան:
- Տարե՛ք, տղերք ջա՛ն, հալա՜լ լինի, մենակ ինձ էլ մի կնիկ բերեք, որ երեք էրեխուս մերություն անի....,- ապա շուռ էր եկել իր բարեկամին,- քյոփողլու շա՛ն որդի, սրանց առ, ու շառդ քաշի ստեղից, թե չէ ոտնատակ կտամ:

«Խնամիները» պոչները քաշած գիշերով հազիվ փախել էին գյուղից....

9.3.11

***

Տեսնում եմ անվերջ
Քեզ դերում անպոչ գդալի`
Կյանքիս ղազանի մեջ....

Վկա փոթորկված իմ շիլան.
«Կպել» է կյանքս տակից,
Հանգի՜ստ թող մտքերս հոգնած,
Վառածս չելնի հատակից...

1.3.11

Հարսը...

Արմինեն շատ էր սիրում Ազնիվին: Չնայած իրար հետ մի ամիս էին ապրել, բայց խոր հարգանք ու ակնածանք ուներ Ազնիվի հանդեպ: Նոր էին ամուսնացել Արմինեն ու Աղասին, երբ առաջին անգամ հարսը գյուղ գնաց, գյուղում խլրտուն ընկավ: էստեղ էնտեղ սկսեցին շշնջալ, թե Գառնիկենք "շալվարավոր հարս " են բերել:

22.2.11

Ազնիվ մամի հեքիաթը...


Ձմեռը, երբ մութը վրա էր տալիս ու լսվում են գայլահաչերը, Ազնիվ մամը երեսին հապշտապ խաչ էր հանում, ու քթի տակ ասում.
- Նահլա՜թ քեզ, չա՛ր սատանա....
Թոռներն արդեն գիտեին, բայց մի անգամ ևս հարցնում էին.
- Էն ո՞վ էր ձեն հանում Մա՛մի...
- Չարքերն են, բալե՜ք ջան, գայլերի հետ ոռնում են:

ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ...

Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...

Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....


Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....

Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ....

18.2.11

Բաքոսն ու ես...



Էսօր էլի օրը թեթև է այնքան,
Էսոր էլի թև ենք առել աշխարհն ու ես,
Թող որ երգենք, թող որ պար գանք,
Էսօր էլի քեֆ ենք անում Բաքոսն ու ես....

Էսօր քեզ եմ հիշել էլի,
Քո պատկերն է կրկին վառվել ուղեղիս մեջ
Եվ ուղեղս ծոր է տալիս, կամաց ծորում,
Ինչպես պողպատը հնոցում անշեջ....

Էսօր էլի հյուր ես դու մեզ, մոտ ես այնքան,
Էսօր էլի քեզ ենք գրկել աշխարհն ու ես,
Ու դրանից լույս ենք դարձել, վառ ենք այնքան,
Էսօր էլի քե՜ֆ ենք անում Բաքոսն ու ես.......

Բազմակետեր....


Հոգնել եմ արդեն բարձս գրկելուց
Ու գարեջրի շշի շրթերը սառն համբուրելուց,
մանր խայծերով ինքս ինձ խաբելուց
Ու քո անունը դատարկ սենյակում հար բարբառելուց....

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ
Անվերջ սպասելուց խավարում կորած ինչ-որ հրաշքի,
Հավերժ փնտրել եմ, հավերժ քայլել եմ,
Հայացքս հառած մի հեռու կետի,
Որ լույս էր թվում, որ հույս էր թվում,
Բայց իրականում այն մեկն էր միայն
Անորոշության բազմակետերի,
Որոնք վերջ չունեն.......

Ճամփես հատել է, ուղիս մթնել է,
Բազմակետերով երգս չի երգվի,
Մեկը կորցրել է, մեկը գտել է,
Իսկ ես հանգել եմ բազմակետերի....

Դատարկ շշերը որպես բազմակետ
Շարում եմ հերթվ կյանքիս երկայնքով,
Հերոսը խենթ է, հեքիաթն անհեթեթ,
Հեքիաթ չի հյուսվում բազմակետերով......

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ,
Թավալվելով օրերում խռով:
Հոգնածուըթյունն էլ հավերժ ձգվում է,
Փաթաթվում վզիս ու ծանրանում է.,.....

Բազմակետերով....

16.2.11

ՄԻՆՉ ԿՀԵՌԱՆԱՄ...



Միօր էլ ես վեհ, կամ վհատ,
Կամ հագեցած, կամ անհագուրդ,
Գլուխս կախ, կամ ձիգ, հպարտ,
Կհեռանամ` պատմության մեջ
Գրանցվելով որպես աբսուրդ....
Ու երբ կսկսի արյունս սառել,
Ես կհեռանամ իմ հին օրերի երգը շուրթերիս`
Քարտեզագրումն ացած ճամփեքիս
Թողնելով հաջորդ սերնդին ջահել....

Ու մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
Սեթևեթանքով քո եթերային,
Ու ես հոգով ու մարմնով,
իմ պարադոքսալ էությամբ ամբողջ
Կզոհաբերվեմ քո խենթ քայլերին:
Կդառնամ ածխի մի փոքրիկ կտոր քո վառ կրակում
Ծուխ կներշնչեմ, հուր կարտաշնչեմ,
Հայացք-հնոցիդ խորխորատներում
Այրվելով լրիվ` հանգիստ կհանգչեմ....

Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
Որպես հրեշտակ` հրեշտակ լուսե,
Որի ստվերը կրքի գալուստ է,
Փեշի թրթռոցը մի հոգեխռովք:
Ամեն մի բառը մի Կտակարան,
Ո՛չ խաբկանքների, այլ գործող կյանքի,
Գեթ մի ժպիտը մի ամբողջ հույս է,
Դեղ ու բալասան`
Տկարությունից մեռնող հիվանդի.....

Ես` որպես մի խեղճ ու սովորական մի մահկանացու
Հանգիստ ու խաղաղ, վեհ կհեռանամ,
Եթե քո անունը աստվածաշնչի
Գեթ մի սաղմոսում լոկ հիշատակվի՛:
Ու մինչ այդ դու իմ ծուռումուռ ճամփեքը
Քո աստվածային մեծությամբ պայծառ
Քի՜չ լուսավորի,
որպեսզի հետո սերունդը ջահել
Հեշտ գծագրի այն դար ու թեքը
Որ անցա մի կերպ`
Կառչելով կյանքիս ամեն մի օրից....

Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքից....

15.2.11

Մատաղը...


Առավոտյան քաղաքից թոռն էր գալու:
Գառնիկ ամին առավոտից ամեն պատրաստություն տեսել ու հիմա դադրած նստել էր թոնրի մոտ, ծխախոտը փաթաթել ու հիշողությունների գիրկն էր ընկել:
Հիշեց թե առաջին անգամ ոնց գյուղ բերեց Գառնիկին: Երեք տարեկան էր, զարմացած կողքերն էր նայում ու խարտյաշ մազերն աչքերի վրայից հեռացնելով հապշտապ հարցեր էր տալիս
- Պապի, իսկ էն ո՞վ է կտոր-կտոր ներկել դաշտերը
- Պապի, արևն էն սարի հետև՞ն է ապրում:
- Պապի՛....
- Պապի՜....
Հետո հիշեց, թե Գառնիկը ոնց զարմացավ երբ առաջին անգամ տեսավ դաշտերից թռչող ագռավների երամը:
- Պապի էէէէէ՜ն ովքե՞ր են...
- Որո՞նք, ձագ ջան,
- Էէէէ՜ն, որ թռան....
- Հաաաաա՜, ագռավներ են ձագ ջան....
Քիչ անց Գառնիկը մոռացավ ագռավների անունը ու հարցրեց.
- Պապի ո՞ւր գնացին
- Ովքե՞ր, ձագ ջան,
- Էէէէէ՜ն ովքերը ո՞ւր գնացին....
Հետո հիշեց առաջին անգամ Գառնիկի կով տեսնելը
- Պապի էս ո՞վ ա
- Կո՛վը, ձագ ջան,
- Կո՞վն ա.... Ինչ էլ մեծ առյո՜ւծ ա....
Էդպես մեկ-առ մեկ հիշեց, ծիծաղեց ու երջանկացավ....
"Տեսնես կճանաչի՞ ինձ",- անցավ մտքով ու Ազնիվին ձեն տվեց.
-Ազնիվ, տեսնես լակոտը ճանաչելո՞ւ է մեզ...
- Ի՞նչ իմանամ, այ Գառնիկ, կգա կտեսնենք էլի....

Ու Գառնիկն էլի մտքերի մեջ ընկավ: Հիշեց, թե ոնց իմացավ էրեխի ծնունդը, վազքով տուն եկավ ու սկսեց ծիծաղել ու լալ: Ազնիվն իր դեմքին է նայում հարցական հայացքով, ինքը համ լալիս է, համ ծիծաղում ու չի կարողանում խոսել.... Մոտեցավ պահարանին, վերցրեց գինու կուլան, առանց բերնից կտրելու ամբողջը խմեց ու շուռ գալով գոռաց.
- Ազնի՜վ, երդիս նոր սյուն ավելացավ....Գառնիկ ենք ունեցել....
Ապա գինու կուլան վերցրեց, մտավ գինետուն, լցրեց, թարեքից խունկ վերցրեց ու գնաց: Գնաց խունկ վառեց չորս նվիրական գերեզմաններին` հորն ու տացուին աչքալույս տվեց.
- Աչքներդ լույս լինի, մե՜ծ պապեր, ծոռ եք ունեցել....
Մինչ հետ կդառնար, գյուղ արդեն խլվլոց էր ընկել, տղամարդիկ մի-մի շիշ առած դեպի իրենց տուն էին բարձրանում:
Հասավ տուն գոմից դուրս բերեց իր աստղով ցլին ու գետին տապալեց:
- Տեր աստված, գոհությունս ընդունիր, ձեռքդ թոռանս գլխին պահե, ես իր տեղը ամեն զրկանք կրել եմ, թե բան ունիս տալու ինձ տուր քառապատիկ... , - ու լիքը աչքերով համբուրեց ցուլի ճակատի սպիտակ խալը,- Ջեյրան ջան, ախպեր ջան, Գառնիկիս համար մատաղ կենեմ քեզի....
Մի տարի է թոռանը չի տեսել: Ու չի համբերում արդեն: ձեռքը ճար լիներ, արևին կքաշեր-դուրս կհաներ:

* * *
Լույսը դեռ չբացված Գառնիկը զարթնեց,Ազնիվին ձենեց, որ գոմ գնա, ինքնէ լսկսեց անհանգիստ ետ ու առաջ անել տանը: Հետո հոգնեց սպասելուց թինկը տվեց թախտին ու չգիտես ոնց աչքերը կուլ գանցին.... Զարթնեց էն պահին, որ բակում մեքենայի ձեն լսեց, վեր թռավ, առանց հենակները վերցնելու ու պատը բռնած մի ոտքով վազեց դեպի դուռը: Ազնիվը հետևից հենակները հասցրեց: Դուրս թռավ ուի տեսավ թոռանը: Չոքեց ու լայն բացելով ձեռքերը թոռանը գիրկն առավ: համբուրեց այտերը, ապա քիթը մտցրեց վզի տակն ու քարացավ երանության մեջ: Ապա բաց թողեց երեխին, բարևեց հարսին, Աղասիմին գիրկ առավ ու.
- Աղասիմ ջան չկրցա՞ր քիչմ շուտ գայիր
- Այ պապ, դե լույսը չբացված դուրս ենք եկել,- նեղացավ տղան:
- Լա՛վ, լա՛վ, կներես,- ապա կատակով ապտակելով ավելացրեց,- այ մի օր որ թոռանդ սպասելուց կլինես, ես վերևից կնայեմ քեզ ու կխնդամ վրադ....
Ապա թոռանը կանգնեցրեց շեմին, ոտքերի տակ սպիտակ ուլը մորթեց, արյունով խաչ արեց ճակատին ու շշնջաց.
- Աստված պահի իմ ձագուկին:
Ուզեցավ գրկի թռանն ու անցկացնի ներս, թոռը ետ-ետ գնաց.
- Ես քեզ էլ չեմ սիրում....դու էլ իմ պապին չես..... ինչի՞ մորթեցիր գառնուկին, -ու սկսեց հունգուր-հոնգուր լալ:
Գառնիկն անզորությունից գլուխը կախեց, կյանքում երևի առաջին անգամ: Ձեռքը սրտին դրեց որ բան ասի, չկարողացավ:
Մի շաբաթ մնաց թոռը, բայց էդպես էլ իրեն մոտիկ չեկավ:
Ու բաժանվեցին նեղացած:


* * *
Ուղիղ տասը տարի չստեսան իրար պապ ու թոռ, ու երբ հանդիպեցին, ամուր գրկել էին իրար ու բաց չէին թողնում: Շատ բան էր փոխվել նրանց կյանքում:
Նույնը օրը իրար թև ընկած պապ ու թոռ գնացին շուկա, յոթ աղավնի առան ու բաց թողեցին նրանց եկեղեցու բակում: Աղավնիների ազատ ճախրանքը միացրեց նրանց նորից:
Գառնիկը հասկացել էր, որ իր զավակի համար ուրիշի զավակին մորթել չի կարելի....
Հասկացել էր թոռան զուլալ արցունքների ու տասը տարի մեղքի զգացումով ապրելու գնով....

13.2.11

Անվերնագիր...



Դու մոռացված իմ սեր,
Որպես անտուն թչուն
Այս է քանի տարի
Երազումս ես թռչում...

Դու չգիտես սակայն,
Որ իմ ամա հոգում
Չկա թառելու տեղ,
Այստեղ ծառ չի աճում

Այստեղ ժայռեր են լոկ
Ու արցունքի մի ծով
Այստեղ կարոտներ են
Այստեղ սեր է հանգչում...

Կամա՜ց շարժիր թևերդ
Ու թռիր դու թաքուն
Քանի քնած է նա,
Ու ոչինչ չի լսում....

Չեմ ցանկանում տեսնել
Հարկադրված քո չուն
Դու իմ քաղցր երազ
Ու իմ անտուն թռչուն....

12.2.11

Մի պատմություն... երեկվա հայի մասին....


1993 թվականի նոյեմբեր ամիսն էր: Թիֆլիսից մեզ հյուր եկած հորաքույրս` Սեդան, ու իր ամուսինը` Արտուշը որոշեցին ինձ իրենց հետ Թիֆլիս տանել, քանի որ Երևանում իրավիճակը ծանր էր, ապրուստի միջոցները` սուղ, ձմեռն էլ` ցուրտ:

Գնացինք գնացքով, որն այդ ժամանակ ի դեպ հիմնական կապող տրամսպորտ էր Վրաստանի հետ: Հասանք Սադախլո (այժմ Բագրատաշեն) և հորաքրոջս ամուսինն առաջարկեց իջնել շուկա, ու տան համար միրգ առնել: Հորաքույրս ու ու հորաքրոջս ամուսինն իջան, ես կուպեում մնացի հորաքրոջս ամուսնու ազգականի հետ, որը գնացք նստելուն պես բարձրացավ, պառկեց երկրորդ հարկի քնատեղին և այդպես էլ քնած մնաց մինչև Թիֆլիս հասնելը:

Արդեն գնացքը շարժվելու ժամանակն էր ու ես անհանգստացած պատուհանից նայում էի դուրս:
Կայարանի կողմից երևացին նրանք ու մոտեցան գնացքին: Հենց մեր վագոնի ուղղությամբ մի սպիտակ "ջորի" էր կանգնած: Հնակարծ մեքենայի մեջից դուրս եկան մի քանի ավտոմատավոր մարդիկ ու հորաքրոջս դիմացից գնացք բարձրացող երկու երիտասարդների թևերը ոլորելով գցեցին մեքենայի մեջ ու տարան:

Ժողովուրդը խառնվեց իրար մի րոպեում: Հնակարծ լույսերն անջատեցին գնացքի ու բարձրախոսով հայտարարեցին.
- Աղմուկ չբարձրացնել, լույսեր չվառել, մի լուցկու լույս երևաց` կսկսենք կրակել:
Հորաքրույրս ու ամուսինը արագ մտան կուպե, ու հորաքույրս խառռնված սկսեց լալ.
- Էս ի՜նչ արի ես, մենք ջանդա՛մ, էս էրեխին ինչի՜ բերինք, հմի ի՞նչ անենք, Արտուշ, էս լուսի պես էրեխին ձեռներիցս որ տարան ի՞նչ ենք անելու....

Էդ ընթացքում հորաքրոջս ամուսինը արագ-արագ սավանով ծածկեց պատուհանը, վերցրեց երկու ծածկոց, փռեց առաջին հարկի քնատեղի տակ գտվող արկղի մեջ ու ինձ պառկացրեց մեջը:
- Հովո ջան, ինչ ուզում է պատահի, հանկարծ դուրս չգաս էստեղից:
- Հովո ջան ինչ ուզում է լսես, թեկուզ մեզ էստեղ սպանեն, կրակեն, մորթեն, խնդրում եմ բալես, հանկարծ դուրս չգաս,- սկսեց լացել հորաքույրս:

Ու փակեցին արկղը: Արկղի մեջից լսում եմ դրսի խոսակցությունները: Ժողովուրդը բզզում է վտանգված մեղվի փեթակի պես: Բարձրախոսից հրամայում են` շարժվեք: Ժողովուրդը "գողանում" է գնացքի մեքենավարին, որ գնացքը տեղից չշարժվի, ու թաքցնում են մեր պատկից կուպեում: Առևանգիչները սկսում են ման գալ մեքենավարին: Չգտնելով դուրս են գալիս ու սկսում են նորից բարձրախոսով պահանջել, որ շարժվենք, այլապես կրակ կբացեն:

Ուղևորները իջնում են ու պահանջում են բերել տղաներին, այլապես գնացքը չի շարժվի: Մեր կուպեից երեք կին մոտենում են առևանգիչներին` բանակցելու: Կամաց դուրս եմ գալիս իմ թաքստոցից ու պատուհանը փակած սավանի արանքով հետևում եմ:
- Խնդրո՜ւմ ենք, բերեք տղերքին, սպանել եք ուզում` մեզ սպանեք, առ հենց հիմա դիր ճակատիս ու կրակի, մենակ խդրում եմ, տղերքին բաց թողեք,
- Չի լինի, - հնչում է պատասխանը ու նորից պահանջում են շարժվել,- ուրա՞ ձեր մաշինիստը, շարժվեք, ասում եմ, թե չէ կկրակենք:
- Չկա մաշինիստը, վախեցել-փախել ա, - լսվում է մեկի ձայնը:
Կինը շարունակում է.
- Ախր տղերք , էն էրեխեքն ի՞նչ մեղավոր են, բաց թողեք, խնդրում եմ, նրանց էլ մեր ա բերել չէ, - ու հանկարծ պատռում է վերնահագուստը, ցույց տալիս կուրծքն ու խնդրում,- տղա դու սենց մոր կուրծք չե՞ս կերել, հաշվի քո մերն է քեզ խնդրում, բաց թող էրեխեքին, ինչ ուզում եք էկեք տարեք, մենակ տղերքին բերեք:

Առևանգիչը մոտենում է իրենց մեքենային, որով տղաներին էին տարել, ինչ որ բան է խոսում, ապա վերադառնում է.
- Մեկ միլիոն փող հավաքեք, հետ կբերենք տղերքին:

Սկսվում է հանգանակությունը, ողջ գնացքից հավաքվում է մոտ երկու հրյուր հազար, մնացածի փոխարեն ապրանք են առաջարկում, վագոնների միջանցքում դրել են ով ինչ ունի, արկղերով ձուկ, պանիր այլ մթերքներ, որոնք տանում էին Թիֆլիսում վաճառելու: Առևանգիչները չեն համաձայնվում: Պահանջում են միայն գումար: Մի տարեց մարդ մոտենում է նրանց ու խնդրում.
- Տղերք ջն ախր էդքան փող չկա, հասկանում եք, հիմնականում առևտրական մարդիկ ենք, տանում ենք ծախենք ապրանքը,, հո հետներս փող չենք տանում... էկե՛ք, 10 յաշիկ ձուկ ունեմ, դա եմ տալիս, թե չեք ուզում, անձնագիրս թողնեմ, դավերյա արեք, գնամ ծախեմ, բերեմ փողը ձեզ տամ, մենակ էրեխեքին բաց թողեք

Չէ որ չէ, չեն համաձայնվում: Արդեն զայրացած ժողովուրդը սկսում է դուրս լցնել գնացքից ունեցած ապրանքն ու պահանջում տղերքին հետ բերել:
Վերջապես համաձայնվում են: Վերցնում են փողը ու մի քանի արկղ ձուկ: մեքենան գնում է տղաների հետևից: բերում են նրանց ոտաբոբիկ, միայն շալվարով ու մայկայով էդ ցրտին ու հայտարարում են
- Եթե երեք րոպեից գնացքը չշարժվեց կրակելու ենք, ժամանակը գնաց:
Տղերքը արցունքներն աչքերին շնորհակալություն են հայտնում բոլորից ու չեն կարողանում գնացք նստել: մեկ էլ մեկը գոռաց.
- Այ տղա հո սարսաղ չե՞ք, հելեք վերև. իրեք րոպե ժամանակ են տվել, ի՞նչ շնորհակալության վախտ ա.... 
Տղերքը բարձրացան վագոն, սկսեցին շոր-շիրթ ճարել, որ հագցնեն էդ խեղճերին: Որը սվիտեր տվեց, որը կոշիկ, որի մոտ բաճկոն կար, հագցրեցին ու շարունակեցինք ճանապարը:

Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ էդ ի՞նչից էր, որ մեր ժողովուրդը էդքան իրար համար ցավել գիտեր, ինչի՞ց էր որ անծանոթ կանայք պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն էդ երիտասարդների, որ առևտրականը պատրաստ էր իր 10 արկղ ձուկը տալ, որն իր էրեխեքի հացի փողն էր:
Հիմա փողոցում կողքի մարդուն սպանում են, անտարբեր է մնում հայ մարդը: Ի՞նչն է փոխվել նրա մեջ այս 15-20 տարում: Ինչի՞ ենք մենք դարձել էսպես, ի՞նչ անենք մարդիկ....

(պատմություն իրական է)

5.2.11

Օտար լուսինը



/"Կիսատներս" շարքից/

Օտար երկինք է
Իմ գլխի վերև
Ու օտար աստղեր:
Օտար լուսինն էլ
Խնդնում է վրաս
Ու հարց է ուղղել.
- Էս ո՜ւր էս ընկել
Ո՞վ է քո սերը,
Ո՞ւմ ես կարոտել
Ի՜նչ ծնող, ի՜նչ մեր
Ու ի՜նչ ընկերներ
Եվ ընդհանրապես
ի՜նչ ես դուրս տալիս
Դու այս կողմերում
Ի՞նչ ես կորցրել....

Սատանան տանի
Ինչ էլ մի գտա՜վ
Թույլ տեղիս կպավ....

- Կա՛ց այ անիրավ,
Ամբողջ աշխարհին
մի՞թե մի հատ չես
Էդ դեպքում ո՞նց է,
Որ օտար եմ քեզ....
Դու ինձ չե՞ս տեսել
Իբր չե՜ս հիշում
Ախր միասին
Ինչքա՜ն ենք քայլել
Թե՞ էն ժամանակ
Ես օտար չէի
Մի րոպե՜, էդ ո՞ւր,
Էդ ո՜ւր ես չքվում,
Ո՞ւր ես ամոթից
Երեսդ փակում.....

Լսե՛ք օտարներ
Օտար քաղաքի,
Որ ձեր հարազատ,
Ինձ օտար երկրում
Լուսինն ամոթից
Երեսն է ծածկում
Փախչում ինձ նման
Քոչվոր օտարից
Հետս ծիծաղեք,
Չարտասվե՜մ նորից.....

18.1.11

***

Իսկ ես ասում եմ քեզ,
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜...
Ու դու "նոր սեր կանես",
Ինձ հավատա:
Այդպես կլինես դու,
Այդպես եմ հիմա ես,
Եղել է նա....
Նախատում ես դու ինձ,
Որ չեմ ասում ես քեզ,
Մեղմ, համոզիչ խոսքեր`
Քեզ կարեկցող:
Խոսքերն, ինձ հավատա,
Այնպես չնչին են, խեղճ
Նման գործերի մեջ
Այնքա՜ն ստող....
Կանցնի՛, կանցնի՛, կանցնի՜,
Հաստատ գիտեմ` կանցնի,
Այդպես է դա...
Ինձ հարցնում ես, թե ես
Որտեղի՞ց գիտեմ դա....
Շատ եմ հիվանդ եղել
Ու.... բժի՜շկ եմ հիմա....