16.8.11

Բանը.... (անսկիզբ ու անավարտ պատմվածք)


Արուս տատի համար ի սկզբանե Բանն էր....
Նա այնքան էր սիրում այդ Բանը, որ ամբողջ որը "բանում էր" հարևան Վարդանուշի հետ: Թոռնուհին ամեն օր դասից գալուց տատիներին բռնացնում էր այդ սուրբ գործի վրա.
- Տա՞տ, էլի բամբասո՞ւմ եք....
- Աղվորը՛ս, բամ-բա-սանք չէ, բանն ասանք է, - ասում էր Արուս տատը....
- նույն հաշիվն ա,- ծիծաղում էր թոռը,- կուզես բանն ասանք ըլլա, կուզես անանք ըլլա....

Ու տատն ամեն օրվա պես ձեռքը թափ էր տալիս.
- Գնա՛, գնա՛ դասերդ սորվի....
Թոռնուհին` Արուսիկը, ժպտալով մտնում էր խոհանոց, ճաշելու, իսկ տատիներն ինքնամոռաց շարունակում էին:
Սովորական մի օր էր, ամենօրյա այս խոսակցությունից հետո Արուսիկը խոհանոցում հաց էր ուտում, ու հիշեց, որ վերելակի մոտ մի տղայի հանդիպեց, որին առաջ չէր տեսել: տեսնես ո՞վ կլինի: Քթի տակ ժպտաց`տատը հաստատ կիմանա: Տատն էր որ նրան հաղորդակցում էր շենքում կատարվող իրադարձություններին: Մտքում պատկերացրեց այն պահը, երբ ինքը տատիկին կհարցնի տղայի մասին: Պատկերացրեց, թե ինչպես է ժպտալուց տատիկի դեմքի մաշկը ծալքավորվելու կոպերի արանքում, ու կրկին ժպտաց: Հասկացավ, որ գալիս է մի ժամանակ, երբ իսկապես կարևորվում է Բանը, ու անգամ կարևոր չէ թե այդ բառն ինչպես կօգտագործես` բամբասանք բառի մե՞ջ, թե "բանն ասանք"-ում:

Շենքի բակում սեփական տներ էին, որոնց բակերը նա բեմերի էր նմանացնում: Այդ բեմերում ինչքան խաղեր է տեսել նա: Իսկ ինչքան շատ է տեսել տատիկը.... Դիմացում ապրող ջութակահար Վազգենի կինը մի սիրեկան ուներ իրենց շենքի առաջին հարկում, որին ջութակահարը սպառնացել էր թե կսպանի: Դիմացի հարևանը լսել էր նրանց ճիչերը և գիշերաշապիկը հագին, լուսնի լույսով կտրել էր ողջ բակն ու հատակի փայտը վեր ցցած եկել էր նրանց բաժանելու:
- Թատրոն էր, ջա՜նըմ,- պատմում էր տատը,- երեքն ալ ճերմակ հագած, իրար անցած էին լուսնի լույսի տակ, Վազգենն ալ կպոռար` ես քեզ կսպանեմ....
Արուս տատը Վազգենի կնոջ մասին ավելի չէր խոսում, քան Վազգենի կամ դիմացի հարևանի մասին: Դերասաններին բեմի վրա չեն դատում....Նա լուսնի նման միայն բավարարվում էր ժպտալով...Իսկ Արուսիկը սիրում էր տատի կերպարը, որի համար բամբասանք չէր, բանն ասանք էր....

No comments:

Post a Comment