30.11.10

Պարտությունից Հավերժություն...

Անգործությունն է, եղբայր, վաղուց
Անկյալ պառավի պես նստել կողքներիս
Գլխներիս կապել հոգոց ու տնքոց
Ու իր նվվոցով հանգիստ չի տալիս խեղճ ականջներիս
Դե՞, ինչո՞վ զբաղվենք
Ու էս անկնունք կրակը, ասա,
Ո՞ւմ գլխին թափենք….
Պատերա՞զմ սկսենք,
Ո՞ւմ հետ և ինչո՞ւ...
Ինքներս մեր հե՞տ,
Հետո հոգնելով, որպես մի գնչու
Բախտներս նայենք
Մեր…. Մոխրամանո՞ւմ….
Ու չգտնելով իզը հաշտության,
ԻՆՔՆԱՀԱՇՏՈՒԹՅԱՆ,
Պիտի սկիզբ դնենք ԵՍԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ,
Պիտի թալանենք մեր վերին <<ԵՍ>>-ին,
Հանուն մեր մաշկի ու հանգստության`
ՄԱՇԿԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ….

Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է,
Հիմքը անկայուն….
Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն
Բարի ճանապարհ մեր <<ԵՍ>>-ին դեպի
Ճանաչողությն ու գաղափարի
Սև հավերժություն….

16.11.10

Գերմանուհին....(երկրորդ մաս)

18 տարի էր անցել այն օրից, երբ Գառնիկը ֆրոնտից վերադարձել էր: Կյանքը հանդարտ իր հունով գնում էր կարծես: Օրեր էին բացվում ու մթնում, պարզապես իրար հաջորդող օրեր:
Մի սովորական առավոտ էր: Գառնիկը առավոտ կանուխ ելել ու արևկող էր արել դռան կողքին, երբ ծանր պայուսակը ուսին, պրոթեզ ոտքը քարշ տալով բակ մտավ փոստատար Մուկուչը:
- Բարի լույս ընկեր նախագահ
- Ասսոու բարին Մուկուչ ջան, Աղասիմիցս նամա՞կ ես բերել,- սկսեց Գառնիկն ու ձեռքը գրպանը տարավ, որ Մուկուչին բարի լուրի համար “մաղարիչ” անի:
- Մի նամակ կա, ընկեր նախագահ, համա՜… վայթե Աղասիմից չի…
- Բա ումի՞ց է, մի տուր տեսնեմ:
Մուկուչը նստեց Գառնիկի կողքը, ուսից հանեց պայուսակը դրեց գիրկը մեջից հանեց նամակների մի կույտ ու սկսեց փնտրել: Գտավ նամակն ու հանձնեց Գառնիկին:


Գերմանուհին...

Նախքան Բեռլին մտնելը Գառնիկենց ստորաբաժանումը կանգ առավ մի լքված գյուղում: Զինվորները սկսեցին հարմար տուն ման գալ գիշերելու համար: Գառնիկն էլ նրանց հետ գնում էր, բայց մտքերը տանն էին… մտովի հասել էր իրենց տուն, Ազնիվի հետ էր խոսում երբ հասավ մի լքված, ամայի տան: Ներս մտավ: Պատի տակ մի սեղան էր դրված , սեղանի մոտ երկու կիսաջարդված աթոռ ու մի պահարան: Իրեն թվաց, թե պահարանի կողմից ձայն եկավ: Անշտապ քայլերով մոտեցավ պահարանին ու կամաց դուռը բացեց: Մի մկնիկ տեսավ դատարակ ամաննների մեջ ծվարած ու ժպտաց: նորից փակեց դուռը ու շարունակեց ճանապարհը: Հասավ սենյակի դռան մոտ ու կանգ առավ, որ նայի պատին փակցված լուսանկարը: Լուսանկարում երիտասարդ մի ընտանիք էր պատկերված ծովափին իենց փոքրիկ աղջնակի հետ: Ժպիտներից երջանկություն էր կաթում` ծովափնյա արևային երջանկություն: Ակամայից ժպտաց:

էդպես լուռ կանգնած ժպտում էր, երբ մի ձայն ասաց.
- Sind sie weg?1


5.11.10

Իրիցկինը...

Անուշը մի անգամ տեսել էր Գրիգորին իրենց գյուղում ու անհույս սիրահարվել: Ոչ գիտեր ով է Գրիգորը, ոչ գիտեր, թե որտեղից: Ամեն գիշեր քնելուց երազում էր մեկ էլ տեսնել Գրիգորին, գոնե մի անգամ ձայնը լսեր: Աղբրի մոտ էր տեսել Գրիգորին ու սիրտն անընդհատ առվի կողմ էր ձգում: Աշխատում էր էնպես անել, որ տան ջուրը շուտ վերջանա, մի անգամ էլ գնա աղբյուր ջրի, գուցե բախտը բանի, մի անգամ էլ տեսնի իր անհայտ ասպետին: Երբեմն նույնիսկ դույլերի մեջ մնացած ջուրը դատարկում էր, թե` գնամ նորը բերեմ: Գնում էր աղբրի պռնկին նստում ու սպասում…. Ջուրը լցվում էր ու պռունկներից թափվում…Անուշը հայացքը ջրին երազում էր….

26.10.10

Գառնիկը...

Պատերազմը նոր էր սկսվել, երբ Գառնիկը կամավոր գրվեց: Շրջսովետում չեմուչում արին, ընդդիմացան.
- Ախր այ Գառնիկ ջան, կոլխոզի նախագահ մարդ ես, բա դու որ գնաս, ո՞վ պիտի գյուղին տիրություն անի:
- Նեմեցը որ գյուղ հասավ, նա կկառավարի,- հանգիստ ասաց Գառնիկն ու պահանջեց, որ դիմումը ստորագրեն,- հմի սաղս նստենք մեր գործն անե՞նք, բա պատերազմ ո՞վ գնա:


25.10.10

Ազնիվը....

Գյուղի տիրացուն` Գրիգորը, ում ամբողջ գյուղը Տացու էր ասում, առավոտյան ժամերգությունից հետո եկել տուն, բազմել էր թախտին ու տեր ողորմյա էր քաշում, ծույլ-ծույլ հորանջելով: Հանկարծ տան դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը.
-Տացո՛ւ, ասում են Համբիկենց Գառնիկը Ազնիվին տանից դուրս ա արել:
-Մեղա՜ քեզ տեր աստված, ո՞ր մեղքի համար:
-Ո՜վ ա իմանում…. Հրեն Ազնիվը սուսուփուս բողչեքն ա կապում
-Իրիցկի՛ն, հլա մի փիլոնս բեր…

Տացուն դինջ-դինջ հագավ փիլոնն ու մանրիկ քայլերով դուրս եկավ բռնեց գյուղամեջի ճամփան:
Ակումբի պատերի տակ արևկող արած ծերունիները Տացուին տեսնելով իրար օգնելով ոտքի կանգնեցին ու գլխարկները ձեռքներին բարև բռնեցին:

Վառված ժամը....

Գյուղի թավադը դատ էր կտրում….
Ժողովուրդը խմբվել էր գեղամիջում, ու տազ արարծ լսում էր:
Ազնիվենց Կարապետը գյուղի ժամը կրակն էր տվել, տերտերն էլ մեջը….
Էստեղ էնտեղ իրար մեջ խոսում էին.
-Այտա սենց բան ո՞վ էր տեսել, մարդ էլ աստծու տունը վառի՞… թո՜ւհ, սատանա…
-Ո՞վ գիտի, ի՜նչ չարքեր են մտել փորը…
-Վառել էր ու փոշմանել… վառվող եկեղեցու դիմաց չոքել աղոթք էր անում:
-Վաաաա՜….

31.8.10

Մենությունը....

Նա մենակ էր....
Եվ մենակությունը հոգին էր կրծում....
Մենության լռությունը տարրալուծվում էր սենյակում, ու նա անշարժ պառկած արևի շողերի մեջ պարող փոշեհատիկներն էր հաշվում:
մենությունն իր համար դատարկություն էր.... ոչինչ չուզելու, ոչինչ չանելու մի անզուսպ ցանլություն:
Արդեն մի շաբաթ է նա մենակ է: Մենակության պարապությունը մաշելուց հետո որոշեց եկեղեցի գնալ: Տեր հայրը նույն Տեր հայրն էր` պատկառելի սպիակ մորուսով, ու չափազանց շարժուն, խաժ աչքերով մի ծերունի.... Լսեց ժամերգությունն ու հանգիստ դուրս եկավ:
Ճանապարհին մտածեց Տեր հոր մասին ու հիշեց, որ ինտերնետում ինչ-որ տեղ մի քանի տող էր կարդացել, որոնք կապում էին Տեր հորն ու մենությունը....
Տուն գալով արագ գտավ ուզածը....


Հավատը....

Գրկիր ինձ....
Հավատս է կորել.....
Ես չեմ վախենում կորցնել, վախենում եմ փնտրել ու չգտնել....
Ասում են թերահավատները հույսի հանդեպ ավելի զգայուն են դառնում, ես չեմ ուզում հուսալ, հուսալը թույլերին է հատուկ....
Գիտե՞ս ինչքա՜ն ողբալի է, երբ ոչ թե հավատասում ես ինչ-որ մեկի հավատարմությանը, այլ հույս ունես, որ նա հավատարիմ է....
Իսկ ես վախենում եմ կորցնել իմ հավատարմությունը, որովհետև արժեքներն եմ կորցնում.... Ի վերջո հավատարմություն ո՞ւմ հանդեպ, կամ ինչի՞.... մտածելուց գալիս ես այն եզրակացության որ առաջին հերթին պիտի հավատարիմ լինես քո հանդեպ, քանզի դու ես տերը, որովհետև դա նախևառաջ պարտավորեցնում է պատասխանատու լինել սեփական երջանկության համար: Իսկ երբ քո այդ կախվածությունից մի ազատություն ես ստեղծում` դառնում ես անձնավորված հավատարմություն.....

Բայց այնուամենայինիվ հավատը....
Ցանկացած հարցում կարող ես հույս ունենալ, բայց երբ հավատում ես ինչ-որ բանի իրականությանը կամ իրականանալիությանը` դա թևեր է տալիս....
Ամեն անգամ սանիկներիս կնքելիս երբ քահանան հարցրել է "երեխան զի՞նչ խնդրե" և ստպել է երեք անգամ պատասխանել "հավատ, հույս, սեր, մկրտություն", ամեն անգամ մի ներքին մղումով ցանկացել եմ գոռալ` հավա՜տ ու կրկին հավատ.....


Աղոթքներս այս անգամ էլ
Չհասան քո բարձր գահին
Ու հույսերս այս անգամ էլ
Լքեցին իմ հիվանդ հոգին

Ինձ էլ ոչինչ պետք չի կյանքում
Ոչ հույս, ոչ սեր
Թե կարող ես, ամենակա՛լ
Խաբված հոգուս հավատ դու բեր

Ինձ հավատ բեր
Բայց ոչ հույսի
Այլ այս մանկան
Ծիծաղի պես
Արցունքի պես
Ջիջ հավատ բեր
Ու ես այդժամ
Կառնեմ թևեր
Կմագլցեմ
Նոր բարձունքներ

Հավատն է լոկ,
Որ մեր կյանքում լույս է տալիս,
Որ մեր հոգուն հույզ է տալիս,
Ու նաև հույս ապագայի....
...Թե հավատալ կարենայի՜....

Հ.Գ. Հուսալը տառապանք է, հավատալը երջանկություն.....
Երջանիկ եղեք.....

Հուշը.......

Աչքիս առաջ էքսկավատորի մի հարվածից փուլ եկավ այն պատը որտի տակ քնել եմ տարիներ շարունակ.....
Մի ցուրտ զգացում եկավ, որ մի հուշ էլ ոգեղենացավ, մի հուշ էլ կտրվեց իրականից.....
Վերջին տարիներին, երբ այցելում էի տատիս տուն, մտովի փռում էի տան մեջ իր հետ կապված հուշերը հին լուսանկարների ալբոմի պես ու ստեպ-ստեպ ժպտալով վերադասավորում էի....

Հուշը....
Տանը դրված իրերը.... այն կուժը, որի փորի վրա մի մեծ ճաք կար, հիմա արդեն հուշերի խտացում է: Որովհետև իրերը հավատարիմ են մեզ այնքան, որքան մենք ենք հավատարիմ նրանց: Միշտ մենք ենք նրանց լքում: Լավագույն դեպքում նետում ենք ձեղնահարկ: Եթե ուշադիր նայում ես` ձեղնահարկում այնքա՜ն հուշեր կան փոշու մեջ թավալվող, այնքա՜ն խտացած երջանկություն......

Բայց այնուամենայնիվ` հուշը....
Այն ամենուր է քո մեջ, քո տան հիշողությունների մեջ: Սենյակիդ դասավորության մեջ, որտեղ աներևույթ կերպով նշված է քո տեղը աթոռի մաշվածությամբ, սեղանի դիրքով, լամպի լուսավորությամբ, և այն միակ անկյունագծով, որը քեզ հնարավորություն էր տալիս մոտենալ սեղանին: Եվ ամեն անգամ մտովի ներս մտնելիս դու բնազդաբար գնում ես հենց նույն այդ անկյունագծով: Պատից` արծաթյա հին շրջանակի մեջից քեզ է ժպտում մի երեխա....

Քո ամեն հուշ կրում է քո հոգու սպիները: Իսկ հուշերդ ավելի հաճախ իրերի վրա են դրվում: Սակայն իրերը երբեմն փշրվում են, ինչպես մանկության քո տունը: Բայցևայնպես նրանք քեզ պատմում են մի բանի մասին, որ ոչ ոք չի կարող պատմել....

Մանկության խաղալիքներդ հիշելիս (հատկապես այն մեկը, որին առանձնահատուկ էիր սիրում) սիրտդ կծկվում է, որովհետև այդ խաղալիքը քեզ միշտ մխիթարել է և ուղեկցել ինպես հաճույքների, այնպես էլ տխրության պահին:

Հուշը....
Հուշերը գտնվում են քո ամենածածուկ էության մեջ ու կերտում են քո կյանքի բարոյականությունը: Որովհետև նրանք հիմնականում խոսում են քեզ հետ քո կյանքում եղած ամենադրականի մասին: Դրանք քո գոյության համառոտագրություններն են, առանձին դրվագներ, որոնք դու ինքնաբերաբար միացնում ես կյանքի մասին ունեցած գիտելիքներիդ:

Կանգ առ երբեմն, վերանայիր դրանք հանգիստ, զինվիր դրական լիցքերով...Սակայն հուշերից մի պահանջիր, որ երջանիկ դարձնեն քեզ: հարցրու նրանց թե ինչքանով ես դու երջանիկ, կամ ինչու երջանիկ չես....
Նրանք քեզ կբացատրեն, գուցե նույնիսկ ասեն, որ դու հիմա էլ երջանիկ ես, կամ գոնե, որ երջանկությունն անհնարին չէ.....

ՀՈՒՇԸ....

Պահիր հուշը քո թանկ
Նրա խորքերում
Սրբություններիդ ձայներն են ապրում,
բույրերն են ապրում սրբություններիդ....

Ու վերապրումի թրթռումներով
Զգո՜ւյշ ընկղմվիր խորքերը նրանց
Եվ քո օրերի քայլերգը հյուսիր
Այնտեղ անթեղված լույսով սրբագույն....

Պահիր հուշը թանկ,
Ինչպես պահում են լուսանկարը....
Կորցրած զավակի....

Ծածկած հայելին.....

Առավոտյան շուտ զարթնեցի. նայեցի առաստաղին, որտեղ տարիներ առաջ փակցրել է մի թուղթ, վրան գրված "Кто рано встает, тому Бог подает..." և սկսեցի մտածել անելիքներիս մասին:
Շատ բան կար այդ օրն անելու, սովորականից ավելի շատ, որոշել էի ավարտին հասցնել նաև ժամանակին կիսատ թողած մի քանի գործեր: Նայեցի շուրջս. ամեն գործից մի ծայր էր մնացել, մի թափթփված սեղան, ու մի կիսակարդացած գիրք` անկողնուս կողքին, հատակին ընկած: Պահարանում` թղթեր, որ վաղուց էի ուզում դասավորել, բայց ամեն անգամ հետաձգում էի: Ցավով զգացի որ կիսատներս ավելի շատ են քան ամբողջներս, որ դեռ չեմ ամբողջացել... Ռուսերեն մի լավ բառ կա` закруглятся:
Կամաց հագնվեցի ու դուրս եկա: Տանն իրարանցում էր, քաշվեցի մի անկյուն, որ ոտքի տակ չընկնեմ: Անցան-գնացին ու չտեսան: Ձայն չհանեցի: Սպասեցի ու դուրս եկա բակ: Բակում իմ հարազատներն էին: Լռություն էր:
Սիրտս վատ բան գուշակեց: Արագ ներս մտա: Սենյակիս կիսաբաց դռնից նկատեցի, որ քույրս արագ արագ հավաքում է սեղանիս թափված թղթերն ու լցնում է դարակներս մեջ: Զայրացած ուզում էի բղավել, երբ տեսա մորաքրոջս, որ սպիտակ սավանով փակում էր սենյակիս հայելին..... Սիրտս ասես կանգնեց մի պահ: Արագ մտա մորս ննջարանը: մայրս նստած լալիս էր.... մոտեցա գրկեցի ուսերը, համբուրեցի ճակատը.
-Մամ.... Մա՜....
Պատասխան չստացա:
Նայեցի սենյակում գտնվող կանանց դեմքին: Ոչ մեկի հայացքի հետ հայացքս չխաչվեց: Դուրս եկա: Հորեղբորս տղաները նայում էին նկարներիս ալբոմն ու կամաց ինչ-որ բան քննարկում....
Հասկացա, որ գործերս էդպես էլ անավարտ կմնան, ու սիրտս ճմլվեց:

Հիշեցի հորս. «Անունս գետնին չթողնես, տղե՜ս...»

(Շարունակելի....)

17.8.10

Ցավը.....

199..  թվականն էր: Աշնանային մի խաղաղ երեկո: Այդ օրը ես հայր դարձա...առաջին անգամ.... Մեծ ուրախությամբ ընկերներով շամպայն բացեցինք ծննդատան բակում, կնոջս ուղարկեցի մի մեծ ծաղկեփունջ` իր սիրած վարդագույն վարդերով....
Ուրախությունս շարունակվեց 2 ամբողջ օր... 3-րդ օրը գնացի կնոջս ու որդուս ծննդատնից բերելու.... Ասեցին, որ պետք է խոսեմ բժշկի հետ: Մտա բժշկի առանձնասենյակ.
- Բարև ձեզ, ես Արմանի հայրն եմ....
- Բարև ձեզ, նստեք, խնդրեմ,- սառը տոնով սկսեց բժիշկը:
- Ինչ-որ խնդիրնե՞ր կան, բժիշկ,- սկսեցի ես:
- ցավոք, այո,- մեծ դադար առավ բժիշկը և շարունակեց,- ուզում եմ հայտնել որ ձեր երեխան բնածին լուրջ արատ ունի, որը նրա հոգեկան զարգացումն անհնար է դարձնում:
Ես չհավատացի ականջներիս.... տղաս.... իմ տղան....
Ասես ինչ-որ խորքերից լսեցի բժշկի ձայնը.
- Դուք կարող եք թողնել երեխային ծննդատանը:
- Բժիշկ, ի սեր աստծո, էս ինչե՞ր եք ասում....նա ի՞նչ մեղավոր է... և հետո այս վիճակում նա ավելի շատ ունի մեր կարիքը, ես ինչպե՞ս կարող եմ որդուս, ի՜մ որդուն թողնել այստեղ և շարունակել ապրել, - հազիվ հասցրեցի արտասանել ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուսիս զգացի բժշկի ձեռքի տաքությունը, հավաքեցի ողջ քաջությունս, սեղմեցի բժշկի ձեռքը ու արագ դուրս եկա: Իջա ծննդատան բակ, արագ արագ ծխեցի մի քանի գլանակ ու բարձրացա կնոջս մոտ: Կինս.... իմ Արմինեն....երեխան գրկում վախեցած ու թախանձող մի հայացքով նայեց դեքիս: Մոտեցա համբուրեցի ճակատը, համբուրեցի երեխային ու փորձեցի ժպտալ.
- Սիրելիս, կես ժամից Կարենը կգա, ու մեզ տուն կտանի....
- Արմե՜ն....
- Շ՜շշշշ, Արմանը քնած է,-մատս կամաց նրա շրթւոնքներին հպեցի ես,- ես ձեզ սիրում եմ...
Արմինեն լաց եղավ: Ես արագ դուրս եկա, որպեսզի զսպեմ արցունքներս:

Արդեն 20 տարի է անցել: Արմանը մեծացել հասուն տղամարդ է դարձել: Բայց դեռ երեխա է, իմ երեխա՜ն..... Ամեն երեկո նա դուրս է գալիս փողոց ինձ դիմավորելու.... ամեն երեկո ես երթուղայինի մեջ նստած սպասում եմ, որ մեքենան թեքվի անկյունից ու տեսնեմ որդուս....

Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: Հարսանիքներում, երբ քավոր եմ լինում կամ թամադա, ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
Ժամանակի հետ եկավ այն գիտակցումը, որ պիտի համակերպվեմ ցավին, որովհետև դա միակ բեռն է, որ ոչ տանել ես կարողանում, ոչ էլ ճանապարհի կեսին ուսիցդ ցած նետել, որովհետև դա քո ցավն է, քո հարստությունը.... իմ ու Արմինեի ժամանակից շուտ ճերմակած մազերը դրա վառ ապացույցն են:
Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....

Բայց այնուամենայնիվ կա՛ ցավը, որին անզոր եմ հերքել: Ու մի օր երբ փոսն իջնելուց և հողով ծածկվելուց հետո մարդիկ կասեն "հողը թեթև լինի վրադ", ոչ ոք չի նկատի, որ հողի վրա իր քարե ծանրությամբ նստած է ցավը....


Հ.Գ.

ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...

Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....

Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....

Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ.... 

Անխառն երջանկությունը հեքիաթ է, փերիների հեքիաթ: Ցավը, ինչպես և երջանկությունը պատկանում է միս ու արյունին: Երջանկություն էլ կարող է այնպես մարմնական լինել ինչպես ցավը: Պատահել է չէ՞, որ մրսես տեղատարափ անձրևի տակ, կամ ոտքդ քարին զարկես ու ցավ զգաս: Դժբախտ սերերի ու խակ պտուղների անմարսողություն ես ունեցել: հետո՞ ինչ:

Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար: Մի տեսակ բավարարվածություն ես զգում:


Ցավը, այո, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
Ու դա արդեն մի տեսակ դառը երջանկություն է բերում քեզ, այն տհաս մրգի նման , որի թեթև քաղցրությունից շատ բերանումդ տտիպություն ես զգում, երբեմն նույնիսկ ավելի շատ քան քաղցրությունն էր....

Եվ վերջապես ցավն էլ վայելք է, որն իր պահանջներն ունի. իրեն կրելու համար քաջություն է պահանջում....