1.3.11

Հարսը...

Արմինեն շատ էր սիրում Ազնիվին: Չնայած իրար հետ մի ամիս էին ապրել, բայց խոր հարգանք ու ակնածանք ուներ Ազնիվի հանդեպ: Նոր էին ամուսնացել Արմինեն ու Աղասին, երբ առաջին անգամ հարսը գյուղ գնաց, գյուղում խլրտուն ընկավ: էստեղ էնտեղ սկսեցին շշնջալ, թե Գառնիկենք "շալվարավոր հարս " են բերել:


Ազնիվը նախ զայրացավ իր տղի վրա, ապա գցեց-բռնեց ու հարսին ասաց.
- Հա՛րս ջան, էն սպիտակ շալվարդ հագի՛:
Արմինեն զարմացավ, բայց կատարեց սկեսրոջ պահանջը: Ազնիվը կանչեց տղին ու հանձնարարեց.
-Հարսին վեր առ, ու գնացեք լիճ ման գալու: Մինչև իրիկուն տուն չգաք, մինչև ես տները մաքրեմ, ճաշ սարքեմ:
- Մամ, բայց ես մնամ քեզ օգնեմ, հետո էլ ման կգանք,- փորձեց ընդդիմանալ հարսը:
- Գործիդ մնա, ամա՜ն,- խոսքը կտրեց Ազնիվը,- ես իմ անելիքը լավ գիտեմ, դեռ կհասցնես գործ անել, գնացե՜ք:
Աղասին աչքով արեց մորը ու Արմինեի թևն ընկած դուրս եկան: Ելան, էդպես թևանցուկ ողջ գյուղը կտրեցին, հասան լիճ, ման եկան ուզածի չափ ու երեկյան նոր տուն եկան: Տուն մտնելիս լսեցին Ազնիվի խոսքերը.
- Հողեմ ձեր հետամնաց գլուխը:
Նայեցին իրար, ժպտացին ու հասկացան:

Հետո Աղասին ու Արմինեն տեղափոխվեցին երևան:
Ու մի օր ամուսնուց թաքուն Արմինեն, որոշեց ու խաբար արեց, որ Ազնիվը գա Երևան, որ տանի սկեսրոջ ատամները սարքել տա:

Ու Ազնիվը եկավ: Վայրի տատրակի նման երկչոտ Ազնիվը, որ կյանքում քաղաք չէր եկել, զարմանում էր ամեն քայլափոխի: Հարսը որ հետը չլիներ, ամոթից կշվարեր ու կմնար փողոցում կանգնած: Անսովոր էր էդքան շալվարավոր աղջիկներ ու կանանց տեսնելը, ու Ազնիվն ակամայից իր առանց էն էլ երկար շրջազգեստի փեշերն էր ներքև քաշել-ուղղել...

Հենց առաջին օրը գնացին ատամնաբույժի մոտ, ապա գնացին խանութներով ման եկան, հարսը մի քանի ձեռք շոր ու մի գեղեցիկ գլխաշոր առավ սկեսրոջ համար: Ու սկսեցին զվարճանքները:

Առավոտյան ելան, հագնվեցին, հարսը սկեսրոջը գեղեցկացրեց` շրթներկ քսեց, այտերը թեթև շիկնացրեց ու հայելին դեմ արեց.
- Քա՜, քոռանա՜մ ես, էս ի՞նչ ես էրել, ա՛յ հարս, Գառնիկը տեսնի` կխելռի՜...
- Չի՛ տեսնի, մա ջան, էսօր աղջիկներով պիտի գնանք կինո, պիտի սիրուն լինես, որ քո համար փեսացու ենք ման գալու, ատամներդ էլ սարքենք, էլ էն բիձու կողքին ինչ գործ ունես,- սկսեց հոգու հետ խաղալ Արմինեն:
- Քա՜, էս ի՞նչ ասիր, հարս ջան.....
Ու գնացին: Գնացին կինո ապա գնացին սրճարան, սպասեցին մինչև փոքրիկ Գառնիկի դասերը վերջանան, ու վերցնեն էրեխին, տուն գնան:

Ազնիվին թվում էր, թե քաղաքի բոլոր տղամարդիկ իրեն են նայում, ու դրանից ավելի էր շիկնում երեսը: Ու ինչքան ավելի էր շիկնում, էնքան գլխաշորով ավելի էր փակում երեսը...

Տուն հասան երեկոյան, Աղասին արդեն գործից եկել էր տուն, տեսավ մորն ու ժպտաց.
- Մա ջան էս հարսդ էս ի՞նչ ձևի է քեզ սիրունացրել:
- Քա սո՜ւս, Աղասի՛մ ջան, մեր գեղեն թե ինձի տեսնող էղած լինի խաղք ու խայտառակ կլինեմ գյուղում:
- Բա լա՞վ էր, որ ինձ շալվարով ման տվիր գյուղում, մուռս եմ հանում,- ծիծաղեց Արմինեն, ու երեքով համերաշխ ծիծաղեցին:

Մի շաբաթ հազիվ պահեցին Ազնիվին: Չմնաց, մի օր էլավ, թե վերջ գնում եմ տուն... էն հալիվորիս մենակ եմ թողել, եկել էստեղ կաֆեներում ֆռֆռում եմ, բա էղա՞վ....
Տեսան չեն կարողանում համոզեն, ճամփեցին գյուղ: Հարսը սկեսրոջ սիրած ջեմով կոնֆետներից առավ մի լիքը պայուսակ, սկեսրարի համար մի շալվար ու մի վերնաշապիկ, էրեխեքին էլ նվերներ, ու էդպես բեռով, բարձով ճամփու դրեց սկեսրոջը:

Աղասու հետ ավտոկայարանից տուն էկան, ու քնելուց առաջ Աղասին պինդ համբուրեց կնոջ ճակատը ու լուռ շնորհակալ էղավ, որ իր մերը Արմինեի մերն էլ է, որ Արմինեն իր մոր աղջիկ է, ու մոր պանծալի հարսը....

No comments:

Post a Comment