22.2.11

Ազնիվ մամի հեքիաթը...


Ձմեռը, երբ մութը վրա էր տալիս ու լսվում են գայլահաչերը, Ազնիվ մամը երեսին հապշտապ խաչ էր հանում, ու քթի տակ ասում.
- Նահլա՜թ քեզ, չա՛ր սատանա....
Թոռներն արդեն գիտեին, բայց մի անգամ ևս հարցնում էին.
- Էն ո՞վ էր ձեն հանում Մա՛մի...
- Չարքերն են, բալե՜ք ջան, գայլերի հետ ոռնում են:

Երեխաները շատ էին սիրում Ազնիվ մամի հեքիաթները չարքերի ու փերղզիների մասին, ու ամեն երեկո խնդրում էին նրան մի պատմություն պատմել: Ազնիվ մամը ժպտում էր ակնոցների տակից, կողքի էր դնում կիսագործած գուլպան ու սկսում.
- Շա՜տ ու շատ տարիներ առաջ Մացոյենց Օհաննեսը ձորում մի ջրաղաց ուներ, ու էդ ջրաղացում էր ապրում: Ժամանակ առ-ժամանակ գալիս էր գյուղ, հաց կապում ու նորից գնում էր իր ջրաղացը: Մի անգամ ձորն իջնելիս մի մարդ է պատահում: Էս մարդը հարցնում է.
- Եղբա՛յր, չե՞ս ասի, ձորով ոնց դուրս գամ մյուս կողմը:
- Էս էլ եմ էդպես գնում, միասին կգնանք,- ու լուռ շարունակում է ճամփան:
Էս անծանոթը թե բա.
-Էս ինչի՞ ձեն չես հանում, խոսենք, ճանապարհը կարճանա:
-Ի՜նչ խոսենք, այ ախպեր, էն ա գնում ենք էլի, ամեն մեկս մեզ ու մեզ մեր դարդերով...,- ու հանկարծ աչքն ընկնում է անծանթոի ոտքերին, ու ի՞՜նչ..... էս անծանոթի ոտքերը թարս են լինում` կրունկներն առաջ: Օհաննեսը ջվալը գցում է ուսից, ու արագ երեսն է խաչակնքում.
-Նահլա՜թ քեզ չար սատանա....
Անծանոթը տեղնուտեղը չքանում է: Օհաննեսը վախվխելով իջնում է ջրաղաց, դուռ ու երդիկ փակում , թաքնվում է դատարկ պարկերի տակ ու ինքն էլ չհասկանալով թե ոնց, քուն է մտնում:
Գիշերվա մի ժամի, ջրաղացի դուռը բացվում է, ու իրար հետ խոսելով ներս են մտնում գյուղի տղաները` Համբիկենց Կուրղին, Վաղոն, Բաղդոն ու մնացածը:
Օհաննեսը հայ-հայ է ուզում է դուրս գալ, մեկ էլ հանկարծ նկատում է, որ բոլորի ոտքերը թարս են: Վախից սսկվում է տեղում ու ձեն չի հանում:
Մեկ էլ էս Կուրղին ասում է.
- Տղերք, սրա մոտ ալյուր կլինի, էկեք հալվա սարքենք, ուտենք:
Ման են գալիս, քթոցով ալյուրը գտնում են, լցնում են թավայի մեջ, դնում են թոնրի վրա ու սկսում են թոնրի չորս բոլորը երգելով պար գալ.
-Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....
Սրանց երգից թավայի մեջ եղ ու մեղր է հայտվում ու չվառած թոնրի վրա, թավան սկսում է եռ գալ....
Ջրաղացով մեկ ընկնում է սրանց պատրաստած հալվայի հոտը, Օհաննեսը հազիվ է իրեն զսպում, որ դուրս չգա: Էսպես սրանք ամբողջ գիշեր հալվա են սրաքում ու նստում են ուտելու: հենց ուտում, վերջացնում են գյուղի կողմից լսվում է աքլորի կանչը: Սրանք արագ-արագ հավաքվում են, որ գնան, մեկ էլ Կուրղին մոտենում է Օհաննեսի թաքստոցին, հետ գցում պարկերն ու նայում Օհաննեսին.
- Ջանդամվի քո բաժինը կեր, չսառի...., - ու աքլորի երրորդ կանչի հետ անհետանում է....

- Մա՜մի, - հարցնում է մեծ թոռը,- իսկ ինչի՞ չարքերը մեզ չեն հայտնվում, մեր տուն չեն գալիս....
- Արդար վաստակի հետ չարքերը գործ չունեն, բալես,- բացատրում է Ազնիվ մամը,- Իսկ Օհաննեսի մոտ գնացել էին , որովհետև նա ամեն մեկի աղունից մի քանի բուռ հետ էր գցել իր համար ու մի քթոց ալյուր էր հավաքել: Հենց էդ քթոցի ալյուրն էլ կերել էին չարքերը....Էդպես է աշխարհքը, ամեն մարդուն իրա քրտինքով աշխատածն է հալալ լինում...

No comments:

Post a Comment