31.8.12

Անվերնագիր...


Գրիչս սև
Լռին ու հեզ
Ճռճռում է մատներիս մեջ:
Սպիտակ թուղթս նրա քայլքից
Թեև տխուր թանաքոտվում,
Բայցևայնպես հղում է ինձ
Մագնիսական երջանկություն:
Հեռո՜ւ ես դու
Մենա՛կ եմ ես,
Մնացել են նամակներս...
Որբևայրի...

Տողերս գրվող ձգվում են հեռու,
Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
Հանդա՜րտ սահելով բարձրանալ դեպ վեր,
Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
Հեռո՜ւ ես դու,
Մենա՛կ եմ ես,
Մնացել են շրթունքներս...
Որբևայրի...

Հուշերս, պառկած մահվան մահիճում,
Մի վերջին անգամ նայում երկնքին,
Ու գոլորշու պես սավառնում են վեր՝
Մնաս բարովի շշունջը շուրթին:
Հեռո՜ւ ես դու,
Մենա՛կ եմ ես,
Մնացել են լոկ հուշերս...
Որբևայրի...

Գիսշերվա միջից անձրևն արտասվում,
Թափվում է դեմքիս, զուլալվում, պարզվում,
Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
Ու համառորեն աչքերիս սառում:
Հեռո՜ւ ես դու,
Մենա՛կ եմ ես,
Մնացել են զգացմունքներս...
Որբևայրի...

Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ.
Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
Ամեն անկյունում գտնում, քրքջում,
Ժայթքում է դեմքիս, ոռնում ականջիս,

Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել...
Ա՜խ, թե ում են պետք
Անփարատելի
Ու անկշռելի
Կարոտներն իմ այս...
Որբևայրի...

30.8.12

Քո անունը


        Միայն քեզ եմ ես աղոթում, 
        Քո հրաշքին անպատիր,
        Հայտնվիր սև անապատում, 
        Ամոքիր ու ազատիր....
                    Վահան Տերյան


Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերիս,
Ինչպես գարնան նորելուկ ծիլի
Շրթին է դողում նրբախաղ քամին,
Ամբողջ աշխարհին որպես ավետիս
Մեղմ շշնջալով,
Թե ուր որ է պիտի պայթի
Բնության մի խենթ հրավառություն,
Հազարագույն կրակներով պիտի կրկին
Երկիրը գերի միատոն երկնին....

Դե ինչ, մոտեցիր, ու զգա համը քո իսկ անվան,
Քո շուրթերով զգա դողը իմ շուրթերի,
Թող անունդայրվող կնիքի նման,
Սփռեմ մարմնին քո անթերի:
Թող շուրթերս հալվեն այրվող քո այտերին,
Խենթ հեշտանքից պայթեն կրկին,
Արնահոսեն` քամելով ինձ,
Թե չէ մի օր կխեղդեն իմ կրքերը ինձ....
Դե ինչ, արի ու քամիր ինձ քո հայացքով,
Կամ.... ազատիր քո անունից....
Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերիս…

14.8.12

***

Ինչքան էլ որ տառապել եմ,
Տառապել եմ ես քե՛զ համար
Իմ ցավերը ստվերել եմ:

Ինչքան էլ որ կասկածել եմ,
Ի՛մ վրա եմ ես կասկածել
Իսկ քեզ անխոս վստահել եմ:

Ու ինչքան էլ չարացել եմ,
Ի՛մ վրա եմ լոկ չարացել
Իսկ քեզ պահել-փայփայել եմ:

Ինչ-որ եղել, կամ չի եղել,
Սովորել ես, որ ե՛ս պիտի
Մեղքը քավեմ, ու... քավել եմ...

էսպես ապրել էլ չեմ ուզում,
Որովհետև անարդար են
Պայմանները:

Որովհետև ես հոգնել եմ...
Զույգի համար
Մենակ կրել վնասները...

12.8.12

Ափսոս…

/"Կիսատներս" շարքից/

Մտածում էի` գուցե կզղջաս,
Գուցե կափսոսաս,
Կուզենաս շտկել երազները մեր
Ոտնակոխ եղած....

Չե՞ս ուզում...
Ափսո՜ս....

Իսկ թե չես ցանկանում նաև հիշել,
Ուրեմն ափսոս և այս պահը,
Որ գիշերվա մթին
Ափսոսանքի շունչ եմ
Հաղորդում թղթին.....

4.8.12

Գնա՜…

Գնա՜, ի՞նչ ես ուզում,
Գնա՛, ու թող որ ես
Լքված տան պես մենակ,
Բայց և լիքը լինեմ՝
Հաջորդ իմ բնակչին
Ընդունելու սիրով....
(Թե բան ունես թողած,
Ետ չդառնաս հանկարծ,
Կհավաքեմ, հետո
Քեզ կուղարկեմ փոստով...)