4.9.11

Իրականություն, որ կուզենայի եղած չլիներ....


Երեկ գիշեր մտա այգի, ուր մի տատիկ էր նստած՝ փոքրամարմին ու վտիտ.... կողքին կապոցով գրքեր էին դրված, ու մի քանի պայուսակ:
Նստեցի իր դիմացի նստարանին ու աչքիս պոչով տեսա, թե ոնց է ինձ տնտղում, մոտեցա, նստեցի կողքին.
- Բարի երեկո, չե՞ք մրսում...
Չպատասխանեց:
Վառեցի ծխախոտս: Նստեցինք այդպես լուռ, բայց և լցված, հագեցած այդ լռությամբ: Ծխեցի, ու երբ փորձում էի վեր կենալ, տատիկը շրվեց ու իր վտիտ ափերի մեջ առավ ձեռքս.
-Շտապո՞մ ես... մնա՜ ինձ հետ....

Նորից նստեցի:
-Չկարծես թե մուրացիկ եմ, անտուն եմ, բայց մուրացիկ չե՜մ... Էնպես կուզեի քեզ որդի ասել, բայց չեմ ուզում.... չեմ կարող.... , - սկսեց տատիկը, ապա ավելի ոգևրոված ասաց,- խնդրում եմ էնպես արա, որ մայրդ երբեք չվախենա որդի բառից....
Մինչ ես փորձում էի վերլուծել լսածս, նա շարունակեց:
- Սեփական որդուս պես եմ մեծացրել նրան: Պահեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի: Ինձ թողեց գնաց Ռուսաստան: Ամբողջ տասնմեկ տարի լուր չունեի, մեկ ամիս առաջ եկավ, թե ինձ տանել է ուզում իր հետ: Ուրախացա, փառք տվեցի աստծուն, որ տարիների ամագս ջուրը չգնաց... գլուխդ ի՜նչ ցավեցնեմ... վաճառեցինք տունս, վերցրեց ամբողջ գումարն ու գնաց... Չեմ տրտնջում... կյանքում շատ եմ լավ օրեր տեսել.... քիչ է մնացել ապրելու, մի քիչ էլ էպե՛ս կապրեմ: Միակ ցանկությունս է, որ վերջինը լինեմ, ով կվախենա որդի ասելուց:
Ականջներիս չէի հավատում: Ցուրտ չէր, բայց դողալ սկսեցի:
- Քառասուն տարի գրականություն եմ դասավանդել դպրոցում, ու քանի՜ հազար աշակերտ եմ ունեցել... բայց մի որդի դաստիարակել չկարողացա...
- Չգիտե՞ք ուր է գնացել ձեր.... նա՛....
- Չգիտեմ....
- Կարելի՞ է մնալ այսօր Ձեզ հետ...
- Տու՛ն գնա, մայրդ կանհանգստանա....
- Մորս կզգուշացնեմ....
Ու նորից լռեցինք:Լռեցինք մինչև լուսաբաց: Առավոտյան կողմ գնացի խանութ ու նախաճաշի համար ուտելիք բերեցի: Նայեց ինձ ու ժպտաց:
Նստեցինք իրար կողք, ու լուռ նախաճաշեցինք:
Նայեցի ժամացույցիս: Դեռ ժամը 9-ը չկար:
Հանեցի գրպանումս եղած ողջ գումարն ու դնելով տատիկի ձեռքի մեջ ամուր փակեցի այն:
- Ուզում եմ, որ չվախենաք այլևս որդի բառից...
Տատիկը նայեց ինձ, ու լիքը լցված աչքերից արցունքները գլորվեցին: Գրկեցի ուսերն ու իրար հետ լաց եղանք: Առանձնացա, զանգահարեցի աշխատանքիս տեղը, զգուշացրի, որ կուշանամ, ապա մոտեցա, հավաքեցի տատիկի պայուսակներն ու տարա կանգառ, վերադարձա, թևանցուկ արեցի իրեն ու գնացինք:

Նույն օրն իմ խնդրանքով տատիկին տեղավորեցին ծերանոցում: Մոտեցա, հրաժեշտ տվեցի, ու խոստացա վաղն այցելեմ, որ տեսնեմ թե ինչպես է տեղավորվել:
Ձեռքերս առավ ափերի մեջ, երկա՜ր նայեց ինձ ու ... լռեց:

Այսօր, երբ գնացի ծերանոց, Աշխեն տատիկն ասաց.
- Եկա՞ր, որդի ջան....

Հ.Գ. Աշխեն տատիկին այդպես էլ չասեցի, որ իր «որդին»՝ Արմեն Հրաչի Մարտիրոսյանը մեկ տարի առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ հետախուզման մեջ էր սպանություն կատարելու համար: Նա տունը վաճառել էր խաղատներում ունեցած իր պարտքերը փակելու համար, ապա մի ծեծկռտուքի ժամանակ ձերբակալվել էր և մոտ օրերս էքստրադիցիայի կենթարկվի ՌԴ:

2 comments: