30.11.10

Պարտությունից Հավերժություն...

Անգործությունն է, եղբայր, վաղուց
Անկյալ պառավի պես նստել կողքներիս
Գլխներիս կապել հոգոց ու տնքոց
Ու իր նվվոցով հանգիստ չի տալիս խեղճ ականջներիս
Դե՞, ինչո՞վ զբաղվենք
Ու էս անկնունք կրակը, ասա,
Ո՞ւմ գլխին թափենք….
Պատերա՞զմ սկսենք,
Ո՞ւմ հետ և ինչո՞ւ...
Ինքներս մեր հե՞տ,
Հետո հոգնելով, որպես մի գնչու
Բախտներս նայենք
Մեր…. Մոխրամանո՞ւմ….
Ու չգտնելով իզը հաշտության,
ԻՆՔՆԱՀԱՇՏՈՒԹՅԱՆ,
Պիտի սկիզբ դնենք ԵՍԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ,
Պիտի թալանենք մեր վերին <<ԵՍ>>-ին,
Հանուն մեր մաշկի ու հանգստության`
ՄԱՇԿԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ….

Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է,
Հիմքը անկայուն….
Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն
Բարի ճանապարհ մեր <<ԵՍ>>-ին դեպի
Ճանաչողությն ու գաղափարի
Սև հավերժություն….

16.11.10

Գերմանուհին....(երկրորդ մաս)

18 տարի էր անցել այն օրից, երբ Գառնիկը ֆրոնտից վերադարձել էր: Կյանքը հանդարտ իր հունով գնում էր կարծես: Օրեր էին բացվում ու մթնում, պարզապես իրար հաջորդող օրեր:
Մի սովորական առավոտ էր: Գառնիկը առավոտ կանուխ ելել ու արևկող էր արել դռան կողքին, երբ ծանր պայուսակը ուսին, պրոթեզ ոտքը քարշ տալով բակ մտավ փոստատար Մուկուչը:
- Բարի լույս ընկեր նախագահ
- Ասսոու բարին Մուկուչ ջան, Աղասիմիցս նամա՞կ ես բերել,- սկսեց Գառնիկն ու ձեռքը գրպանը տարավ, որ Մուկուչին բարի լուրի համար “մաղարիչ” անի:
- Մի նամակ կա, ընկեր նախագահ, համա՜… վայթե Աղասիմից չի…
- Բա ումի՞ց է, մի տուր տեսնեմ:
Մուկուչը նստեց Գառնիկի կողքը, ուսից հանեց պայուսակը դրեց գիրկը մեջից հանեց նամակների մի կույտ ու սկսեց փնտրել: Գտավ նամակն ու հանձնեց Գառնիկին:


Գերմանուհին...

Նախքան Բեռլին մտնելը Գառնիկենց ստորաբաժանումը կանգ առավ մի լքված գյուղում: Զինվորները սկսեցին հարմար տուն ման գալ գիշերելու համար: Գառնիկն էլ նրանց հետ գնում էր, բայց մտքերը տանն էին… մտովի հասել էր իրենց տուն, Ազնիվի հետ էր խոսում երբ հասավ մի լքված, ամայի տան: Ներս մտավ: Պատի տակ մի սեղան էր դրված , սեղանի մոտ երկու կիսաջարդված աթոռ ու մի պահարան: Իրեն թվաց, թե պահարանի կողմից ձայն եկավ: Անշտապ քայլերով մոտեցավ պահարանին ու կամաց դուռը բացեց: Մի մկնիկ տեսավ դատարակ ամաննների մեջ ծվարած ու ժպտաց: նորից փակեց դուռը ու շարունակեց ճանապարհը: Հասավ սենյակի դռան մոտ ու կանգ առավ, որ նայի պատին փակցված լուսանկարը: Լուսանկարում երիտասարդ մի ընտանիք էր պատկերված ծովափին իենց փոքրիկ աղջնակի հետ: Ժպիտներից երջանկություն էր կաթում` ծովափնյա արևային երջանկություն: Ակամայից ժպտաց:

էդպես լուռ կանգնած ժպտում էր, երբ մի ձայն ասաց.
- Sind sie weg?1


5.11.10

Իրիցկինը...

Անուշը մի անգամ տեսել էր Գրիգորին իրենց գյուղում ու անհույս սիրահարվել: Ոչ գիտեր ով է Գրիգորը, ոչ գիտեր, թե որտեղից: Ամեն գիշեր քնելուց երազում էր մեկ էլ տեսնել Գրիգորին, գոնե մի անգամ ձայնը լսեր: Աղբրի մոտ էր տեսել Գրիգորին ու սիրտն անընդհատ առվի կողմ էր ձգում: Աշխատում էր էնպես անել, որ տան ջուրը շուտ վերջանա, մի անգամ էլ գնա աղբյուր ջրի, գուցե բախտը բանի, մի անգամ էլ տեսնի իր անհայտ ասպետին: Երբեմն նույնիսկ դույլերի մեջ մնացած ջուրը դատարկում էր, թե` գնամ նորը բերեմ: Գնում էր աղբրի պռնկին նստում ու սպասում…. Ջուրը լցվում էր ու պռունկներից թափվում…Անուշը հայացքը ջրին երազում էր….