22.7.12

ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....


Գարնան հեքիաթի գիշերում ծնված
Զուլալ ու փայլուն մի ցողի նման
Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
Սիրահար աչքիս երազ թափանցիկ,
Իմ «իրակա՜նս», ես քեզ զգացի
Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
Արևի առաջին շողերից անսանձ
Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
Ալեկոծ ծովի ծարավ երախում….

20.7.12

Հրաժեշտ (Ցվետաևայի մոտիվներով)

Այդ թախիծն աչքերիցդ հեռացրու,
Գիտե՞ս, ինձ համար էլ հեշտ չէ,
Եվ ոչինչ, ոչինչ մի հարցրու,
Ժամանակը կբուժի գուցե:

Ես գիտեմ, այս հանդիպումից էլ
Թերևս ոչինչ չի ստացվի,
Խնդրում եմ գնա՛ քո ճանապարհով
Ու ինձ էլ, ինձ էլ մի տանջիր:

Քեզ թվում է թե հպարտությունի՞ց է,
Որ քայլում ու հետդ չեմ խոսում,
Հպարտությունից չէ, այլ վշտից է,
Որ գլուխս բարձր եմ քայլում:

Չեմ ցանկանում, որ տեսնես իմ վիշտը
Ու դու էլ վշտանաս, գուցե,
Որ մեր հանդիպման բոլոր ճամփաների
Դռնակները վաղուց գոց են….

19.7.12

Կյանքի նզովքը լքվածին...

Կամա՜ց-կամա՜ց նահանջում է մեգը,
Ու մի նորահույս օրվա մեջ կրկին,
Գտնում է իրեն մոլորված մեկը`
Իրեն հանձնելով օրվա խաղերին...

Ինքը իր հանդեպ խղճահարության
Անիմաստ դրամա, անփոփոխ սցենար,
Անհուշ օրերից սկսված պատմություն
Անվերջ պարտությամբ լճացած պայքար:

Եվ ևս մի օր....

Բազում հարցերի հավերժ թանձրացում
Եվ ծանրացում կասկածների,
Եվս մի խնդիր, որ չունի լուծում,
Եվս մի հյուլե ծախված դարերի....

Հետո նորից կտարածվի մեգը
Ու երազաբեր գիշերվա շեմին
Օրվա քաոսում թափառած մեկը
Հոգնած գլուխը կդնի բարձին....

Ու ինչ-որ մտքեր` մութ ու անմեկին,
Մի պահ կայծ կտան , նորից կմարեն
Այնքան ժամանակ մինչև որ ցրվի շաղը մեգի
Ու հաջորդ օրը իր նոր նզովքը կբերի կրկին....

Օ՜, ինչ դժվար է կյանքից նզովված ապրել աշխարհում.....

Որոշել եմ, պիտի ապրե՜մ...

Որոշել եմ, պիտի ապրեմ,
Քեզ հետ լինի, թե ռանց քեզ,
Երազներով պիտի ապրեմ,
Ու վայրենի իմ երգերով...
Պիտի հարբեմ ու արբենամ
Խենթ օրերով, հուր կրքերով,
Ճակատագրի դաժան խաղով
Ամենօրյա անգութ մարտով
(Որ մղում ենք ինքներս մեր ու մահի դեմ),
Պարտությունով, հաղթանակով,
Խաղաղ ապրած իմ ժամերով,
Լուսամարմին աղջիկներով, 
Ընկերական գինարբուքով,
Խաղ ու տաղով, կատակներով,
Նույնիսկ` այս հին մոլորակի
Մամռակալած պտույտներով։
Պիտի հարբեմ,
Ու վայրենի իմ երգերով քեզ հիշեցնեմ,
Որ հարբելով կյանքս ամբողջ,
Ընդդեմ մահվան ես քայլելով`
Դեպի մահը մի մեծ քայլ եմ անում այդպես...

Որոշել եմ, պիտի ապրե՜մ,
Քեզ հետ լինի, թե.... առանց քեզ....

17.7.12

Նոր կյանք…

Ես կուլ եմ տվել իմ արցունքները
Նրանք հոսում են իմ երակներում,
Ես ներքաշել եմ իմ մեծ ցավերը,
Ու խցանել եմ իմ բջիջներում:
Ես փոխում եմ արյունը իմ,
Նույնիսկ նրա կարգն եմ փոխում,
կարգը, ասենք, կլինի հինգ
Ու ֆակտորը նրա ռեզուս
Էլ չի լինի ոչ դրական, ոչ էլ մինուս....
... Իռացիոնալ կյանք եմ ուզում.........

11.7.12

Երազանքատիպ…

Երբ իմ մագլցած կառափնարանի
Կախանի սյունը ծաղկած կտեսնեմ,
Կհաշվեմ կյանքիս մի լուրջ ձեռքբերում`
Հրաժարումս....