17.8.10

Ցավը.....

199..  թվականն էր: Աշնանային մի խաղաղ երեկո: Այդ օրը ես հայր դարձա...առաջին անգամ.... Մեծ ուրախությամբ ընկերներով շամպայն բացեցինք ծննդատան բակում, կնոջս ուղարկեցի մի մեծ ծաղկեփունջ` իր սիրած վարդագույն վարդերով....
Ուրախությունս շարունակվեց 2 ամբողջ օր... 3-րդ օրը գնացի կնոջս ու որդուս ծննդատնից բերելու.... Ասեցին, որ պետք է խոսեմ բժշկի հետ: Մտա բժշկի առանձնասենյակ.
- Բարև ձեզ, ես Արմանի հայրն եմ....
- Բարև ձեզ, նստեք, խնդրեմ,- սառը տոնով սկսեց բժիշկը:
- Ինչ-որ խնդիրնե՞ր կան, բժիշկ,- սկսեցի ես:
- ցավոք, այո,- մեծ դադար առավ բժիշկը և շարունակեց,- ուզում եմ հայտնել որ ձեր երեխան բնածին լուրջ արատ ունի, որը նրա հոգեկան զարգացումն անհնար է դարձնում:
Ես չհավատացի ականջներիս.... տղաս.... իմ տղան....
Ասես ինչ-որ խորքերից լսեցի բժշկի ձայնը.
- Դուք կարող եք թողնել երեխային ծննդատանը:
- Բժիշկ, ի սեր աստծո, էս ինչե՞ր եք ասում....նա ի՞նչ մեղավոր է... և հետո այս վիճակում նա ավելի շատ ունի մեր կարիքը, ես ինչպե՞ս կարող եմ որդուս, ի՜մ որդուն թողնել այստեղ և շարունակել ապրել, - հազիվ հասցրեցի արտասանել ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուսիս զգացի բժշկի ձեռքի տաքությունը, հավաքեցի ողջ քաջությունս, սեղմեցի բժշկի ձեռքը ու արագ դուրս եկա: Իջա ծննդատան բակ, արագ արագ ծխեցի մի քանի գլանակ ու բարձրացա կնոջս մոտ: Կինս.... իմ Արմինեն....երեխան գրկում վախեցած ու թախանձող մի հայացքով նայեց դեքիս: Մոտեցա համբուրեցի ճակատը, համբուրեցի երեխային ու փորձեցի ժպտալ.
- Սիրելիս, կես ժամից Կարենը կգա, ու մեզ տուն կտանի....
- Արմե՜ն....
- Շ՜շշշշ, Արմանը քնած է,-մատս կամաց նրա շրթւոնքներին հպեցի ես,- ես ձեզ սիրում եմ...
Արմինեն լաց եղավ: Ես արագ դուրս եկա, որպեսզի զսպեմ արցունքներս:

Արդեն 20 տարի է անցել: Արմանը մեծացել հասուն տղամարդ է դարձել: Բայց դեռ երեխա է, իմ երեխա՜ն..... Ամեն երեկո նա դուրս է գալիս փողոց ինձ դիմավորելու.... ամեն երեկո ես երթուղայինի մեջ նստած սպասում եմ, որ մեքենան թեքվի անկյունից ու տեսնեմ որդուս....

Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: Հարսանիքներում, երբ քավոր եմ լինում կամ թամադա, ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
Ժամանակի հետ եկավ այն գիտակցումը, որ պիտի համակերպվեմ ցավին, որովհետև դա միակ բեռն է, որ ոչ տանել ես կարողանում, ոչ էլ ճանապարհի կեսին ուսիցդ ցած նետել, որովհետև դա քո ցավն է, քո հարստությունը.... իմ ու Արմինեի ժամանակից շուտ ճերմակած մազերը դրա վառ ապացույցն են:
Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....

Բայց այնուամենայնիվ կա՛ ցավը, որին անզոր եմ հերքել: Ու մի օր երբ փոսն իջնելուց և հողով ծածկվելուց հետո մարդիկ կասեն "հողը թեթև լինի վրադ", ոչ ոք չի նկատի, որ հողի վրա իր քարե ծանրությամբ նստած է ցավը....


Հ.Գ.

ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...

Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....

Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....

Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ.... 

Անխառն երջանկությունը հեքիաթ է, փերիների հեքիաթ: Ցավը, ինչպես և երջանկությունը պատկանում է միս ու արյունին: Երջանկություն էլ կարող է այնպես մարմնական լինել ինչպես ցավը: Պատահել է չէ՞, որ մրսես տեղատարափ անձրևի տակ, կամ ոտքդ քարին զարկես ու ցավ զգաս: Դժբախտ սերերի ու խակ պտուղների անմարսողություն ես ունեցել: հետո՞ ինչ:

Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար: Մի տեսակ բավարարվածություն ես զգում:


Ցավը, այո, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
Ու դա արդեն մի տեսակ դառը երջանկություն է բերում քեզ, այն տհաս մրգի նման , որի թեթև քաղցրությունից շատ բերանումդ տտիպություն ես զգում, երբեմն նույնիսկ ավելի շատ քան քաղցրությունն էր....

Եվ վերջապես ցավն էլ վայելք է, որն իր պահանջներն ունի. իրեն կրելու համար քաջություն է պահանջում....

No comments:

Post a Comment