16.11.10

Գերմանուհին...

Նախքան Բեռլին մտնելը Գառնիկենց ստորաբաժանումը կանգ առավ մի լքված գյուղում: Զինվորները սկսեցին հարմար տուն ման գալ գիշերելու համար: Գառնիկն էլ նրանց հետ գնում էր, բայց մտքերը տանն էին… մտովի հասել էր իրենց տուն, Ազնիվի հետ էր խոսում երբ հասավ մի լքված, ամայի տան: Ներս մտավ: Պատի տակ մի սեղան էր դրված , սեղանի մոտ երկու կիսաջարդված աթոռ ու մի պահարան: Իրեն թվաց, թե պահարանի կողմից ձայն եկավ: Անշտապ քայլերով մոտեցավ պահարանին ու կամաց դուռը բացեց: Մի մկնիկ տեսավ դատարակ ամաննների մեջ ծվարած ու ժպտաց: նորից փակեց դուռը ու շարունակեց ճանապարհը: Հասավ սենյակի դռան մոտ ու կանգ առավ, որ նայի պատին փակցված լուսանկարը: Լուսանկարում երիտասարդ մի ընտանիք էր պատկերված ծովափին իենց փոքրիկ աղջնակի հետ: Ժպիտներից երջանկություն էր կաթում` ծովափնյա արևային երջանկություն: Ակամայից ժպտաց:

էդպես լուռ կանգնած ժպտում էր, երբ մի ձայն ասաց.
- Sind sie weg?1


Շուռ եկավ ու ականջները սրեց: Չէ, ձայնը հաստատ պահարանի մոտից էր: Ոտքերի թաթերի վրա անձայն մոտեցավ ու սկսեց լուռ զննել այն բոլոր կողմերից, ապա ուսը դեմ տվեց ու մի կողմ հրեց պահարնը: Պատի մեջ բացված խորշում իրար գրկած վախից դողում էին մի մայր ու աղջիկ, կողքներին երեսնիվայր փռված տղամարդու մի դիակ էր: Հավաքելով գերմաներենի իր ողջ պաշարը հարցրեց.
- Was machst du?2
Երեխան սկսեց լալ: Գառնիկը ձեռքով-ոտքով սկսեց բացատրել որ լռեն, որ իրենց ոչ մի բան չի անի: Կինը հանգստացավ ու սկսեց երեխային հանգստացնել: Գառնիկը գնաց սեղանի մոտ, նստեց աթոռին: Աթոռն աղիողորմ ճռռաց: Էդպես նստեց ու սկսեց նայել կնոջն ու երեխային, մտքերով հասավ իր գյուղն ու կարոտեց Ազնիվին: Սթափվեց ու տեսավ, որ մայր ու աղջիկ էդպես փաթաթված նստել ու իրեն են նայում ուշադիր: Ժպտաց: Տեղից վեր կացավ ու նշան արեց, որպեսզի նրանք էլ վեր կենան: Կինը վեր կացավ ու լուռ կանգնեց պահարանի կողքին, աղջիկը պահվեց մոր թիկունքում, պինդ գրկեց ոտքերն ու սկսեց մոր ետևից ծիկրակել: Գառնիկը ժպտաց երեխային և երեխան նրան պատասխանեց: Երեխայի ժպիտի մեջ նա ճանաչեց պատի նկարի երեխային: Իսկ տղամարդու դիակը երևի նրա հայրն է, մտածեց:

Գերմանուհին վախվորած առաջ եկավ ու նշաններով հարցրեց, թե սոված չէ՞ արդյոք: Գառնիկը հիշեց, որ նախորդ երեկոյան է հաց կերել, ու գլխով արեց: Կինը արագ արագ սկսեց սեղան սարքել, իսկ երեխան այդ ընթացքում աշխատում էր պահվել մոր թիկունքում:
Գերմանուհին Գառնիկին հրավիրեց սեղանի մոտ: Գառնիկը եկավ, նստեց ու սկսեց ուտել, ապա հայցքը բարձրացրեց ու տեսավ գլուխը կախ, պատի տակ կանգնած կնոջը, նրա թիկունքից նայող երեխայի սոված հայացքը ու հացի չորացած պատառը ձեռքից ցած ընկավ: Մոտեցավ, գրկեց երեխային ու տարավ նստեցրեց իր կողքին: Երեխան վախվորած նայեց Գառնիկին, ապա նրա մեկնած հացին ու կամացուկ վերցրեց այն: Ապա շուռ եկացվ ու լայն ժպտաց մորը: Մայրը նույն ժպիտով նրան պատասխանեց ու մոտեցավ: Գառնիկը ձեռքով հրավիրեց նրան նստելու: Կինը երեխային իջեցրեց աթոռից, նստեց ու գրկեց նրան:

Մթնել էր արդեն: Գառնիկը ծանր-ծանր ելավ ու վերցրեց լամպն ու կնոջը խնդրեց հետևել իրեն: Գնաց պատի խորշի մոտ, լամպը տվեց կնոջն ու սկսեց դուրս քաշել դիակը: Կինը փղձկաց: Գառնիկը գրկեց դիակն ու լուռ դուրս եկավ, կին ու աղջիկն էլ ետևից:
Լուսինը լուսավորել էր մոտակա բլրակը, որի վրա գերեզմանոցն էր: Գառնիկը լուռ շարժվեց դեպի գերեզմանոց: Հիշեց տացուին`”Անթաղ թողածդ մեռելը հոգիդ կծանրացնե, մանչը՜ս..”
Քանի՜ անթաղ մեռել էթողել մարտի դաշտում, էս մեկին կթաղի, հոգին մեկով կթեթևանա… մտածեց Գառնիկն ու ներքուստ լավ զգաց իրեն:

Գերմանուհին առաջ ընկավ, գտավ իր հարազատների գերեզմաննն ու կանգ առավ: Էդտեղ պիտի թաղեին: Գառնիկը վերցրեց իր փոքրիկ բահը, ծնկի իջավ ու սկսեց փորել: Գերմանուհին նույնպես ծնկի իջավ ու սկսեց ձեռքերով օգնել Գառնիկին: Փորեցին, հողին հանձնեցին գերմանացու դին ու լուռ գյուղ իջան: Գառնիկը երեխային գրկած` առջևից, կինը` լալով ետևից:
Հասան տուն, Գերմանուհին վառարանը վառեց ու դույով ջուր դրեց վրան:Գառնիկն այդ ընթացում հանեց մախորկան ու սկսեց լցնել: Փոքրիկ աղջնակը մոտեցավ ու սկսեց հետաքրքրությամբ զննել նրան: Գառնիկը ժպտաց ու ծխախոտի ծխով սկսեց օղակներ անել նրա համար: Գերմանուհին այդ ընթացքում անկողին պատրաստեց ու առաջարկեց նրան լողանալ: Գառնիկն վերցրեց դույլն ու անցավ խոհանոց, որտեղ դրված էր մեծ թասը:
Լողացավ, սրբվեց մեծ սրբիչով, երբ ուզում էր հագնվել տեսավ, որ շորերը աթոռին չեն: Թիկունքից լսեց գերմաուհու հազի ձայնը շուռ եկավ ու տեսավ նրան, գլուխը շուռ տված, ձեռքի մեջ տղամարդու հագուստ: Ամուսնու շորերն է` անցավ մտքով, բայց լուռ վերցրեց ու հագավ դրանք: Գլուխը չորացնելով անցավ սենյակ ու տեսավ գրպանների պարունակությունը սեղանի վրա, իսկ շորերը ջրի մեջ: Ժպտաց ու նայեց գերմանուհուն: Գերմանուհին էլ ժպտաց ու շարունակեց լվացքը:

Գառնիկը գրկեց երեխային ու նստեց մահճակալին: Սկսեցին իրար հետ խաղալ: Երեխան անընդհատ ծիծաղում էր, և երբեմն այնքան ուժեղ, որ մայրը ետ էր դառնում ու նրանց նայում: Երեխան քնեց: Գառնիկը զգուշությամբ ծածկեց նրան ու տեղավորվեց կողքին: Համարյա անմիջապես քնեց: Արթնացավ մի պահ գիշերով: Տեսավ գերմանուհուն վառարանի կողքին լամպի լույսի տակ ասեղը ձեռքին իր շապիկի վրա խոնարհված: Ծածկեց երեխայի թիկունքը ու նորից քնեց:

Առավոտյան շուտ արթնացավ: վեր ելավ տեղից, նայեց սեղանի նախաճաշին, կողքին դրված աթոռին խնամքով փռած իր հագուստին ու աչքերը լցվեցին: Իր տունը հիշեց էլի, իր Ազնիվին: Հագնվեց մի բաժակ թեյ խմեց ու երբ դուրս պիտի գար արդեն, գերմանուհու մեկնած թղթին գրեց իր անուն ազգանունն ու հասցեն: Ապա դռան կողքի պատից իջեցրեց նկարի շրջանակը, զգուշությամբ հանեց նկարը, խնամքով ծալեց ու դրեց ծոցագրպանը: Գրկեց երեխային, ամուր համբուրեց այտերն ու հանձնեց մորը: Գերմանուհին երկչոտ քայլերով առաջ եկավ, թեթևակի փարվեց իրեն ու ականջի տակ շշնջաց.
- Danke, Gott segne Sie!3

Գառնիկը դուրս եկավ, միացավ տղաներին ու շարասյան կողքով քայլեցին ճանապարհով: Ժամանակ առ ժամանակ հետ նայեց ու տեսավ գերմանուհուն` երեխան գրկին իրենց հետևից նայելով: Ժպտաց ու ձեռքով արեց: Երեխան երկու ձեռքով պատասխանեց նրան:

Շուտով գյուղը կորավ տեսադաշտից: Գառնիկը մի անգամ էլ հետ նայեց ակամայից ու զգաց, որ բլրի հետևում անծանոթ բայց հարազ մարդիկ է թողել: Գրպանից հանեց լուսանկարը նայեց, ապա խնամքով տեղավորեց գրպանում…

Այդ օրը, մայիսի 9-ին, ականի պայթյունից Գառնիկը կորցրեց իր ձախ ոտքը… Առաջին բանը որ անցավ մտքով` թողածս մեռնելներն էին….

____________________________
1 - նրանք գնացի՞ն
2
- Ի՞նչ եք անում այստեղ
3 - Շնորհակալ եմ, Աստված ձեզ հետ 




Կարդացեք նաև

Գերմանուհին....(երկրորդ մաս)

No comments:

Post a Comment