31.8.10

Ծածկած հայելին.....

Առավոտյան շուտ զարթնեցի. նայեցի առաստաղին, որտեղ տարիներ առաջ փակցրել է մի թուղթ, վրան գրված "Кто рано встает, тому Бог подает..." և սկսեցի մտածել անելիքներիս մասին:
Շատ բան կար այդ օրն անելու, սովորականից ավելի շատ, որոշել էի ավարտին հասցնել նաև ժամանակին կիսատ թողած մի քանի գործեր: Նայեցի շուրջս. ամեն գործից մի ծայր էր մնացել, մի թափթփված սեղան, ու մի կիսակարդացած գիրք` անկողնուս կողքին, հատակին ընկած: Պահարանում` թղթեր, որ վաղուց էի ուզում դասավորել, բայց ամեն անգամ հետաձգում էի: Ցավով զգացի որ կիսատներս ավելի շատ են քան ամբողջներս, որ դեռ չեմ ամբողջացել... Ռուսերեն մի լավ բառ կա` закруглятся:
Կամաց հագնվեցի ու դուրս եկա: Տանն իրարանցում էր, քաշվեցի մի անկյուն, որ ոտքի տակ չընկնեմ: Անցան-գնացին ու չտեսան: Ձայն չհանեցի: Սպասեցի ու դուրս եկա բակ: Բակում իմ հարազատներն էին: Լռություն էր:
Սիրտս վատ բան գուշակեց: Արագ ներս մտա: Սենյակիս կիսաբաց դռնից նկատեցի, որ քույրս արագ արագ հավաքում է սեղանիս թափված թղթերն ու լցնում է դարակներս մեջ: Զայրացած ուզում էի բղավել, երբ տեսա մորաքրոջս, որ սպիտակ սավանով փակում էր սենյակիս հայելին..... Սիրտս ասես կանգնեց մի պահ: Արագ մտա մորս ննջարանը: մայրս նստած լալիս էր.... մոտեցա գրկեցի ուսերը, համբուրեցի ճակատը.
-Մամ.... Մա՜....
Պատասխան չստացա:
Նայեցի սենյակում գտնվող կանանց դեմքին: Ոչ մեկի հայացքի հետ հայացքս չխաչվեց: Դուրս եկա: Հորեղբորս տղաները նայում էին նկարներիս ալբոմն ու կամաց ինչ-որ բան քննարկում....
Հասկացա, որ գործերս էդպես էլ անավարտ կմնան, ու սիրտս ճմլվեց:

Հիշեցի հորս. «Անունս գետնին չթողնես, տղե՜ս...»

(Շարունակելի....)

No comments:

Post a Comment