31.8.10

Մենությունը....

Նա մենակ էր....
Եվ մենակությունը հոգին էր կրծում....
Մենության լռությունը տարրալուծվում էր սենյակում, ու նա անշարժ պառկած արևի շողերի մեջ պարող փոշեհատիկներն էր հաշվում:
մենությունն իր համար դատարկություն էր.... ոչինչ չուզելու, ոչինչ չանելու մի անզուսպ ցանլություն:
Արդեն մի շաբաթ է նա մենակ է: Մենակության պարապությունը մաշելուց հետո որոշեց եկեղեցի գնալ: Տեր հայրը նույն Տեր հայրն էր` պատկառելի սպիակ մորուսով, ու չափազանց շարժուն, խաժ աչքերով մի ծերունի.... Լսեց ժամերգությունն ու հանգիստ դուրս եկավ:
Ճանապարհին մտածեց Տեր հոր մասին ու հիշեց, որ ինտերնետում ինչ-որ տեղ մի քանի տող էր կարդացել, որոնք կապում էին Տեր հորն ու մենությունը....
Տուն գալով արագ գտավ ուզածը....


.....Սակայն Տեր Պողոսը իր հոգին տաքացնում էր աստծո հետ մի յուրօրինակ մենախոսությամբ ու երկա՜ր,երկա՜ր զրույցներով: Նրանց զրույցը մի լուռ համերաշխություն էր երկուսի միջև: Աստծո խոսքը նրա համար վերածվել էր երգեհոնի հնչյունների, պատերի զարդանաղշերի անգամ աստվածաշնչի կաշվե կազմի բույրի. աստված նրա համար ամենուր էր:
Տեր Պողոսն իր աշխարհիկ կյանքից գեղեցիկ հուշեր ուներ պահած և երջանիկ էր: Երջանիկ էր քանզի հասկացել էր, որ երջանկությունը հուշերից չի բաղկացած, հուշերն են, որ երջանկության խտացումներ են:
Նա վայելում էր միայնության երջանկությունը:Նա հասկանում որ մենակությունը մարդուն կարող է դարձնել անսահմանորեն ազատ, եթե, իհարկե այն միտումնավոր բանտ չես սարքում քո համար:
.....Տեր Պողոսը` անհողորդ այս ամենին, վայելում էր իր մենությունն արարչի հետ, մինչդեռ գմբեթի ճեղքերից ներս թափանցող լույսը փոշիներից ոսկի էր սարքում ու լցնում նրա գլխին....
Սկսեց հասկանալ, որ մենությունն ամենևին էլ մռայլ չէ, ինչպես ինքն էր առաջ կարծում: Մենությունն ավելի շատ լիություն է,քան լքում.... Նախկինում որպես բեռ դիտվող մենությունը ազատություն է դառնում երբ սկսում ես ճիշտ վերաբերվել նրան, երբ հասկանում ես, որ դատարկությունը լցնելու համար է, լցնելու նորով, լավով, սիրով....
Առաջին անգամ նա մենությունը տարբերեց "պարապ"-ից, քանզի պարապն այն է, ինչը ոչնչով չես կարող լցնել, հասկացավ, թե Քամյուն ինչու էր Սիզիփոսին երջանիկ համարում....
Թեթև ժպտաց....Ժպիտը թեթև էր....
Զգաց, որ մենակությունն այն կենդանություն հաղորդող ուժն է, որ մարդուն մղում է դեպի մյուսները, կապում է աշխարհին....
Ինչքա՜ն բազմազան ու լեցուն են մենակությունները.....
Սիրահարի մենությունը..... սպասումով, թեկուզ առայժմ ապառնի լինելու հաճույքով լցված....
Լեռնագնացի շլացնող մենությունը, որն ասես երկինք է մագլցում.....
Գիշերվա յուրաքանչյուր աստղի հետ խոսող մենությունը....
Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
Լքված պարտեզի ուռճազարդ մենությունը, որտեղ ամեն ինչ փարթամորեն աճել է, ինչպես հատուկ է հուշերին.....Նա կրկին ժպտաց. սա առավել նման էր իրեն....

Տուն հասավ երբ արդեն մթնել էր, որոշեց այդ օրը շուտ քնել: Երբ գլուխը դնում էր բարձին, ասես մտքի մեջ կամացուկ շշնջաց.
-Ես երջանիկ եմ.... ես պարտավոր եմ երջանիկ լինել.....

No comments:

Post a Comment