16.11.10

Գերմանուհին....(երկրորդ մաս)

18 տարի էր անցել այն օրից, երբ Գառնիկը ֆրոնտից վերադարձել էր: Կյանքը հանդարտ իր հունով գնում էր կարծես: Օրեր էին բացվում ու մթնում, պարզապես իրար հաջորդող օրեր:
Մի սովորական առավոտ էր: Գառնիկը առավոտ կանուխ ելել ու արևկող էր արել դռան կողքին, երբ ծանր պայուսակը ուսին, պրոթեզ ոտքը քարշ տալով բակ մտավ փոստատար Մուկուչը:
- Բարի լույս ընկեր նախագահ
- Ասսոու բարին Մուկուչ ջան, Աղասիմիցս նամա՞կ ես բերել,- սկսեց Գառնիկն ու ձեռքը գրպանը տարավ, որ Մուկուչին բարի լուրի համար “մաղարիչ” անի:
- Մի նամակ կա, ընկեր նախագահ, համա՜… վայթե Աղասիմից չի…
- Բա ումի՞ց է, մի տուր տեսնեմ:
Մուկուչը նստեց Գառնիկի կողքը, ուսից հանեց պայուսակը դրեց գիրկը մեջից հանեց նամակների մի կույտ ու սկսեց փնտրել: Գտավ նամակն ու հանձնեց Գառնիկին:


Գառնիկը վերցրեց ու զարմացավ: Նամակի վրա իր հասցեն էր գրված ռուսերեն տառերով, բայց ուղարկողինը չհասկացավ ինչ լեզվով է: Մենակ անունը կարդաց`Katharin Weigel:
Արագ-արագ բացեց ծրարը, մեջից հանեց մի նամակ ու մի երիտասարդ աղջկա լուսանկար:
Լուսանկարի հետևում գրված էր`” Ich bin das Mädchen, das dank Ihnen lebt, Katharin”: Գառնիկի մի պահ շունչ կանգնեց, ձեռքերը դողացին…
- Ազնի՜վ, հլա մի ֆրոնտի ուսապարկս դեսը տուր, - դռնից դեպի ներս գոռաց Գառնիկը:
- Հիմա, Գառնիկ ջան…
Քիչ անց դուրս եկավ Ազնիվը և ձեռքի ուսապարկը հանձնեց Գառնիկին: Գառնիկը դողդողացող ձեռքերով սկսել դուրս տալ պայուսակի պարունակությունը, մինչև մի թերթի մեջ փաթաթված ծրար գտավ: Բացեց արագ, մեջից հանեց մի լուսանկար, պահեց նոր ստացած լուսանկարի կողքին, մի պահ լուռ համեմատեց ապա արցունքից դողացող աչքերով գոռաց որդուն.
- Գրիգո՜ր, մի վազ տուր դպրոց, վարժապետ Բադալին ասա` թող շուտ գա մեր տուն,- ապա ձայնը ցածրարցրեց ու սկսեց խոսել ինքն իրեն, - քո հոգուն խուրբան, ազիզ բալա, էս ի՜նչ նվեր արիր ինձի, ախր վառա մտածելով, թե ի՞նչ էղավ ձեր հետ….

Մի քանի րոպե արցունքների միջից ժպտալով լուսնկարին նայեց Գառնիկը, Հետո հանգստացավ, աչքերը սրբեց, ու դիմեց Փոստատարին.
- Մուկո՛ւչ ախպեր, էս ի՜նչ բարի լուր բերիր ինձի, աստված քեզ միշտ բարի լուր հասցնե,- ապա գրպանից մի կարմիր տասանոց հանեց ու դրեց Մուկուչի գրպանը, - ներս եկ, Մուկուչ ջան, մի թաս բան խմենք….
- Ընկեր նախագահ, էս ինչքա՞ն ես տալիս, - անակնկալի եկավ Մուկուչը, - մի մանեթը բալ-բոլ է….
- Մուկուչ ջան քո բերած նամակն ավելիի էր արժանի, ներս եկ….

Նստեցին սեղանի շուրջ, Գառնիկը սեղանի շուրջ պատմեց աղջկա պատմությունը, որը դեռևս ոչ մեկի չէր պատմել ու ասաց.
- Թեթևացավ հոգիս, էլ դարդ չունիմ:
Ազնիվն ականջի պոչով լսեց, աչքերը լցրեց, մտքում հպարտացավ իր Գառնիկով, չդիմացավ, ասաց.
- Գառնիկ ջան, մի բաժակ էլ ինձ լից, ես էլ եմ ուզում խմեմ,- խմեց նորից աչքերը լցրեց, նայեց Գառնիկին ու դուրս եկավ թոնրատուն:

Վարժապետ Բադալը հեևիհև ներս ընկավ:
- Ասա, ընկեր նախագահ ջան, ի՞նչ ա էղել….
- Արի՛, Բադա՛լ ջան, նստի՛, մին էս նամակը կարդա ու թարգմանի,- նամակը տվեց Բադալին, բայց նորից ձեռքից առավ,- չէ՛, նախ մի բաժակ բան խմի, սոլոուղդ տեղը բեր, նոր կկարդաս…
Նորից լցրեցին բաժակները, ու Գառնիկը ոտի էլավ.
- Շնորհակալ եմ, տե՛ր երկնային, որ արածս գործը բարի վախճան ունեցավ, որ մարդն ապրեց, որ մարդը չմոռացավ,- աչքերը լցրեց էլի, խմեց ու նստեց տեղը,- այ հիմի Բադա՛լ ջան, կարդա՛:
Բադալը ձեռքը վերցրեց լուսանկարը.
- Գառնիկ ջան նկարի հետևում գրված է. “ես էն աղջիկն եմ, ով ապրեց Ձեր շնորհիվ”:
- Այ մեռնի՜մ քեզի, աղջի՛կ ջան, Բադալ ջան նամա՛կը կարդա, լեզվի՜դ ղուրբան:
Բադալը շարունակեց.
- Հորեղբա՛յր Գառնիկ, գրում է Ձեզ Կատերինը` այն փոքրիկ աղջիկը, որ Ձեր շնորհիվ ապրեց, ու երբեք, երբեք չի մոռանա Ձեզ: Չգիտեմ նույնիսկ, կենդանի՞ եք արդյոք, եթե կենդանի եք, իմացեք, որ ես ու մայրս ամեն օր հիշում ենք Ձեզ ու կարոտում: Իսկ եթե կենդանի չեք, թող Ձեր որդիներն իմանան, որ Գերմանիայում նրանք մի քույր ունեն, որն իրենց շատ-շատ սիրում է : Մեր տան պատին խնամքով ամրացված է մի լուսանկար, որը Ձեր գրպանից էր ընկել, և մորս ասելով Ձեր կինն է երևի, կողքին էլ Ձեր գրած հասցեն: Դուք միշտ մեր աչքի առաջ եք ու մեր սրտերում: Եթե կենդանի եք գրեք ինձ, ես պատրաստ եմ մորս հետ գալ Ձեզ մոտ, որպեսզի համբուրեմ Ձեր ձեռքը: Շատ ուրախ կլինենք, եթե դուք էլ կարողանաք մեր մոտ գալ: Սիրով սպասում ենք:
Գրկում ենք ամուր ամուր` Ձեր Կատերին….

Գառնիկը չդիմացավ, զույգ ձեռքերով ծածկեց դեմքն ու երեխայի պես հեծկլտաց:
Աչքերի առջև տեսավ այդ օրվա պատկերները, հիշեց փոքրիկին, նրա վախվորած հայացքը, ու հիշեց նրա մոր արտասանած բառերը հրաժեշտի պահին` “Danke, Gott segne Sie!” Գլուխը վեր բարձրացրեց, ու դիմեց Բադալին.
- Բադա՛լ ջան, շնորհակալ եմ ախպե՛ր ջան, իրիկունն արի, մի նամակ գրենք էրեխին….

No comments:

Post a Comment