25.10.10

Վառված ժամը....

Գյուղի թավադը դատ էր կտրում….
Ժողովուրդը խմբվել էր գեղամիջում, ու տազ արարծ լսում էր:
Ազնիվենց Կարապետը գյուղի ժամը կրակն էր տվել, տերտերն էլ մեջը….
Էստեղ էնտեղ իրար մեջ խոսում էին.
-Այտա սենց բան ո՞վ էր տեսել, մարդ էլ աստծու տունը վառի՞… թո՜ւհ, սատանա…
-Ո՞վ գիտի, ի՜նչ չարքեր են մտել փորը…
-Վառել էր ու փոշմանել… վառվող եկեղեցու դիմաց չոքել աղոթք էր անում:
-Վաաաա՜….

Թավադը դուրս եկավ, տիրական նայեց ժողովրդին ու հազաց: Ժողովուրդը քարացավ ու դարձավ մի ականջ: Թավադը ծանրումեծ սկսեց.
-Էն ուրացող սատանին մի դեսը բերեք….
Բերեցին Կարապետին` ձեռքերը կապկպած, բայց խրոխտ: էկավ ոտքերը լեն բացած կանգնեց, ու չարությամբ լցված նայեց հատուկ դատի համար գյուղ եկած էպիսկոպոսին:
-Հմի ի՞նչ ես ասում, այ անաստված, ընչի՞ անեծքի տակ գցեցիր ցեղդ ու խայտառակ արեցիր գյուղի պատիվը, հը՞....
Կարապետն արհամարական նայեց թավադին ու գլուխը շրջեց:
-Տո խոսա՜, թե ուզում ես էս րոպեին շանսատակ անեմ:
-Դու իմ դատը կտրող չես, իմ դատը ժողովուրդը տի կտրի:
-Է՜ ձեն հան, թող ժողովուրդը կտրի….
-Ա՜յ ժողովուրդ,- սկսեց Կարապետը,- տեր Մաղաքը… բերանս էլ չի գնում դրան տեր ասեմ, էրեկ գիշեր գաղտնի պսակեց Արշոյին, ով գյուղի ջահելներից քանի-քանիսի գլուխ էր կերել, ու պսակեց իր ձեռով սպանած Արմանի քրոջ հետ, ում Արշոն մի շաբաթ առաջ փախցրել էր… Էն տանը ուր գիշերով դավեր են նյությում, էդ տունը ասսու տուն չի, ժողովուրդ, մարագ ա… խնդրանքս ա, ինձ դատեք մարագ վառելու համար… բայց դե ինչ էլ ասեք, ծպտուն չեմ անի, աստվա՜ծ վկա….
-Սուս անաստված, էս ինչե՞ր ես խոսում,- տեղից վեր էլավ էպիսկոպոսը
-Այ սև ագռավ, ոչ աղոթքիդ եմ հավատում, ոչ էլ անեծքիցդ եմ վախում, ասսու մարդը էս ժողովուրդն ա, դու չես,- ծիծաղեց Կարոն:
Թավադը ոտքի ելավ ու.
-Էս սրբապղծության համար սա միայն գնդակահարության ա արժան….,- Ժողովուրդը խլրտաց ու սկսեց բզզալ մեղվի փեթակի պես: Թավադը նայեց իր դեմ կանգնած բազմությանն ու մարմնով սարսուռ անցավ,- ի՞նչ եք ասում…
Ժողովրդի դիմաց նստած պատվավոր ծերունիներից մեկը ոտքի էլավ.
-Ի՜նչ ենք ասո՞ւմ…. Ասե՜մ…. Ազնիվենց ցեղի մասին բոլորդ գիտեք, Ազնիվը մեր գյուղի խիղճն էր, Ազնիվենց ցեղը` մեր գյուղի փրկված պատիվը… Հմի ես ի՞՜նչ ասեմ….ջահելնե՜ր, հլա վե՛ր կացեք ու առա՛ջ ընկեք,- ամբոխից մի քսան-քսանհինգ ջահելներ ելան ու շրջապատեցին Կարոյին,- էս տղուն ոչով չի կարա դատ անի, իրա դատը գեղը կտրեց` արդար ա՜…
Թավադը ուզում էր խոսք ասել, բայց ժողովուրդը վրա էկավ, օղակը նեղացրեց ու մի բո՜հ, արավ, Թավադը վախեցած կանգնեց էպիսկոպոսի աթոռի հետևը: Ծերունին շարունակեց:
-Սրբազա՛ն, դու էլ գնա, մեր Հայրապետին ջերմ բարև տար մեզանից ու ասա, որ գեղն էսպես ա որոշել` էն ժամը, որի մեջ մարդասպանը պսակվելիս չի շանթվում, էն ժամի տերտերը, որ մարդասպանի գլխին խաչ ա պահում, վառվելու են արժանի….
Թավադն ու Եպիոսկոպոսն ասես պապանձվել էին....
Գյուղը իր մեջ առավ ու տարավ Ազնիվենց Կարապետին....
Վառված ժամը մինչ օրս կա, բայց էլ ոչով էնտեղ աղոթք չի անում…. Գյուղն ասսու հետ հաշտ է առաջվա պես....աստված էլ` գյուղի....

No comments:

Post a Comment