25.10.10

Ազնիվը....

Գյուղի տիրացուն` Գրիգորը, ում ամբողջ գյուղը Տացու էր ասում, առավոտյան ժամերգությունից հետո եկել տուն, բազմել էր թախտին ու տեր ողորմյա էր քաշում, ծույլ-ծույլ հորանջելով: Հանկարծ տան դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ իրիցկինը.
-Տացո՛ւ, ասում են Համբիկենց Գառնիկը Ազնիվին տանից դուրս ա արել:
-Մեղա՜ քեզ տեր աստված, ո՞ր մեղքի համար:
-Ո՜վ ա իմանում…. Հրեն Ազնիվը սուսուփուս բողչեքն ա կապում
-Իրիցկի՛ն, հլա մի փիլոնս բեր…

Տացուն դինջ-դինջ հագավ փիլոնն ու մանրիկ քայլերով դուրս եկավ բռնեց գյուղամեջի ճամփան:
Ակումբի պատերի տակ արևկող արած ծերունիները Տացուին տեսնելով իրար օգնելով ոտքի կանգնեցին ու գլխարկները ձեռքներին բարև բռնեցին:

-Բարիաջողո՜ւմ
-Ասսու բարին, Տացո՛ւ ջան
-Էս ինչե՞ր եմ լսում
-Հա՛, Տացու ջան, ասում են ղանջղը սիլի-բիլի է արել քաղքցիների հետ, Գառնիկը բռնացրել է:
-Ափսո՜ս, էրեխեքն են մեղք:
-Բա ո՞ւր ա Գառնիկը
-Հրե՜ն, սարում, խոտ ա անում:
-Լա՜վ, - ինքն իրեն մռլտաց Տացուն, - գնամ մի հետը խոսեմ….

Ու Տացուն իր մանրիկ քայլերով շարունակեց ճանապարհը` ինքն իրեն քթի տակ խոսելով.
-Ասա ա՛յ Գառնիկ, ընչի՞դ էր պետք էդ հուրի փերին, դու առավոտից քո բանի՜ն, սաղ գեղի աչքն էլ , մեղա՜ քեզ, տե՛ր աստված, կնգադ բանի՜ն: Հազար ասինք ,ա՛յ տղա, ձե՛ռ քաշի, գեղի աղջկերքը կտրվե՞լ էին, որ գնացիր քաղաքից հարս բերիր: Ախր հարսն էլ վատ հարս չէր, հը՞… թե ինչի՞ տենց արե՜ց….

Տացուն գյուղից դուրս եկավ ու մտովի ընգավ սար ու ձոր: Հիշեց, թե էս ճամփով ոնց գնաց Բոզգեղ իրիցկնկան հարս բերեց: Ողջ գյուղը մի մարդու պես խնդաց` մարդ էլ Բոզգեղից հարս բերի՞: Բերեց ու փոշման չեղավ: Իրիցկնկա անունով հիմա ողջ գյուղն է երդվում: Իսկ Ազնի՞վը: Չէ՜, լավ բան չարեց Ազնիվը:

Էսպես մտմտալով հասավ Գառնիկի խոտահարքին, տեսավ Գառնիկը խոտի դեզի տակ երկար ու ձիգ մեկնվել, քնել է:
-Գառնի՛կ, վե՛ր կաց, ձգո՜ւկ…
Գառնիկը վեր թռավ ու խառնված ոտքի կանգնեց: Գլխարկը քաշեց քրտնած գլխից ու բարև տվավ.
-Օրհնյա տե՛ր հայր
-Աստված օրհի, զավակս:
Ու երկուսն էլ լռեցին:
-Գառնիկ ջան, ձգո՛ւկ, էս ի՞նչ զուլում էլավ մեր գլխին,- լռությունը խախտեց Տացուն:
-Եսիմ Տացու ջան, ի՜նչ իմանամ որ սատանիցն էր…. Հմի էն էրեխեքին ի՞նչ եմ անելու….
-Գառնիկ ջան, լավ չի ըլի՞ հաշտվես, էրեխեքի խաթրու….
-Չէ, Տացու, էս դրա հետ էլ ո՞նց գողենք կիսեմ….
-Այ բալա, բա իրեք էրեխուդ վիզը ծո՞ւռ մնա…
-Ինչի՞, էրեխեքը մենակ ի՞մն են, նրանը չե՞ն….իրա հերն անիծած, ես իմ էրեխեքին մենակ կպահեմ…. մերություն կանեմ….., - փղձկաց Գառնիկն ու գերանդին ձեռքն առնելով կատաղած սկսեց հնձել:
- Որդի՛, երեկոյան կգաս, կպխոսենք, ես Ազնիվին ասում եմ, որ տեղ չգնա,- ասաց Տացուն ու շրջվեց, որ գնա: Գառնիկը նրա հետևից շրջվեց, ձեռքը բարձրացրեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չասեց: Չուզեցա՞վ ասեր, թե…. Ո՞վ իմանա…. Էդպես կանգնած մնաց, հետո սթափվեց, շրջվեց ու շարունակեց գործը:
- Ես եմ մեղավոր, ե՜ս, ախր ե՞րբ մի սիրուն խոսք ասեցի, ե՞րբ մարդատեղ դրեցի, որ աչքը դրսում չմնա….Էս անդեր աշխարհը հո մենակ չոբանություն ու խոտհունձ չի՞… նա էլ ա մարդ, չէ՞, կնիկ ա, սիրվել ա ուզում, ախր մի օր չասեցի թե կնի՛կ, ո՞նց ես ախա՜ր, տասը տարի ա կողկշտի ապրում ենք, մի օր մի լավ բառ….թո՜ւ, քո մարդ ասողի....Ա՜խ, Տացո՛ւ, էն օրը որ պսակում էիր, հարցրեցիր` սիրո՞ւմ ես, ասեցի` հա, ու ինքս ինձ մտածեցի, սեր ա էլի, իրար հետ կապրենք կսիրեմ էլ…. Ախար ա՛յ ասսու մարդ, թե դու ընչի՞ մտքեր կարդալ չգիտես…. ,- էսպես իրեն-իրեն խոսելով գլուխը կախ իր գործ արավ մինչև մութը վրա տվեց:

Տուն հասավ գիշերով: Օդայի մեջտեղում ծանր ու մեծ բազմել էր Տացուն,Ազնիվը գլուխը կախ կանգնել էր սյունի հետևում ու անձայն լալիս էր: Գառնիկի հետևից ներս մտավ իրիցկինը` ձեռքին ջրով լի փարչը:
-Գառնո՜ւկս,-ձգեց իրիցկինն ու պինդ համբուրեց Գառնիկի ճակատը:
-Արի, որդիս, նստիր, Ազնիվ դու էլ եկ,- սկսեց Տացուն:
Ազնիվը եկավ ու լուռ կանգնեց:
-Ազնի՛վ, ձեն հանի…. Ազնիվ, արդարացի՛…. Մի բան ասա,- վեր թռավ ու կնոջ ուսերից բռնած սկսեց թափ տալ Գառնիկը,- Ազնիվ, էրեխե՜քը…., ու չկարողնալով շարունակել Ազնիվի ուսերը գրկած լաց եղավ ….
Ազնիվն ասես լալկվել էր: Միայն ուսերն էին ցնցվում….
-Որդիներ, խնդրանքս ա, տաք-տաք չդատենք: Թողեք մի ժամանակ անցնի, նոր… էրեխեքն էլ մեղք են, մանր են…
Գառնիկը գնացել հեռու, նստել էր ցածրիկ աթոռին ու պապիրոս եր ծխում:
-Իրիցկին ջան, մի չայ արա խմենք,- Լռությունը խախտեց Տացուն: Գառնիկը նայեց իրիցկնկանն ուղղված նրա հայցքին ու մտքերի մեջ ընկավ: Ախր իր ապրած 35 տարվա մեջ մի օր չտեսավ, որ Տացուն կնոջն անունով դիմի, կամ առանց ջան-ի: 55 տարի կող-կշտի ապրել են ու էսքան սիրով…
-Հիմա դնեմ, Տացու ջան, Գառնուկս դու էլ կխմե՞ս….
-Հա, մամի ջան… ասենք… չէ՛, սոված եմ, Ազնի՛վ, հաց դի՛ր, Տացուիս հետ հաց ուտենք…

Գյուղը մոռացավ Ազնիվի պատմությունը, միայն Ազնիվն էր հիշում, ու ավելի խոր ակնածանքով էր լցվում դեպի ամուսինը:
Ամբողջ կես դար էր անցել, Ազնիվը գյուղի սիրելին էր դարձել: Գառնիկը գնաց պատերազմ, ինքն անմռունչ երեք երեխա պահեց, և հունձ արեց և չոբան գնաց….քաղքցի աղջիկը: գառնիկը մի ոտքով պատերազմից տուն էկավ, ամուսնուն թև ու թիկունք էղավ, ապրեցին: Ողջ գյուղին հասավ, բոլորի ուրախության սեղանի համար չարչարվեց, բոլորին իր ձեռքով բաժինք կապեց:
Իրիցկնկանից հետ ողջ գյուղն Ազնիվին միաբերան <<մամի>> կոչեց, ողջ գյուղի տատն էր Ազնիվը` ամեն էրեխու համար մի կտոր շաքար կամ կոնֆետ ուներ իր փեշի տակ պահած:

Մի օր Ազնիվն անկողնուց չելավ, ամուսնուն մոտ կանչեց ու կիսաձայն շշնջաց.
-Շնորհակալ եմ քեզանից, Գառնի՛կ, քու մեծ հոգուց ու իմ աստըծուց: Ներող էղի, մենակ եմ թողնում քեզ: Մենակ մի բան եմ ուզում իմանաս: Սաղ կյանքումս ուրիշ տղամարդ չեմ տեսել, աստված վկա…., - ու աչքերը փակեց:
Գառնիկի աչքերից արցունքները գլոր-գլոր գնացին:
-Ազնիվը՜ս, էս ի՞նչ արիր….
Ողջ գյուղը սուգ կապեց: Նույնիսկ գյուղի չոբանը սարում անտեր թողեց գառների հոտն ու իջավ գյուղ: Գառնիկը երեք օր լացեց: Թաղումից հետո տուն չգնաց, բոլորին ուղարկեց, ասեց` դուք գնացեք, ես կգամ: Մինչև գիշեր չեկավ: Մեծ տղան մոր մեծ շալը վերցրեց, գնաց հոր մոտ:
Տեսավ նրան անշարժ ծնկի եկած: Սուսուփուս մոտեցացավ, ուսերին գցեց շալն ու լուռումունջ կանգեց գլխավերում: Գառնիկը սկսեց երգ ասել ու լալ: Տղան չդիմացավ, փղձկաց ու շուռ եկավ, արագ քայլերով գնաց տուն: հասկացավ, որ հորը տուն տանել չի կարող: Չքնեց, ժամը մեկ գնաց գերեզմանատուն: Ողջ գիշեր Գառնիկը նույն դիրքով երգ ասաց ու լացեց: Լուսադեմին որդին հերթական անգամ գնաց, ու հորը գտավ մեռած, թարմ գերեզմանաթմբի վրա:
Ողջ գյուղը հավաքվեց:
Գյուղը ազնիվ Ազնիվ, ներող ու սիրող Գառնիկ էր կորցել….
Գյուղն էնքան էր սիրել Ազնիվին, որ կարգը խախտելով Գառնիկենց տոհմին տվեց <<Ազնիվենց>> անունը….

No comments:

Post a Comment