21.8.13

Հուշը…

Աչքիս առաջ էքսկավատորի մի հարվածից փուլ եկավ այն պատը որի տակ քնել եմ տարիներ շարունակ...
Մի ցուրտ զգացում եկավ, որ մի հուշ էլ ոգեղենացավ, մի հուշ էլ կտրվեց իրականից...
Վերջին տարիներին, երբ այցելում էի տատիս տուն, մտովի փռում էի տան մեջ իր հետ կապված հուշերը հին լուսանկարների ալբոմի պես ու ստեպ-ստեպ ժպտալով վերադասավորում էի...

Տանը դրված իրերը... Այն կուժը, որի փորի վրա մի մեծ ճաք կար, հիմա արդեն հուշերի խտացում է: Որովհետև իրերը հավատարիմ են մեզ այնքան, որքան մենք ենք հավատարիմ նրանց: Միշտ մենք ենք նրանց լքում: Լավագույն դեպքում նետում ենք ձեղնահարկ: Եթե ուշադիր նայում ես` ձեղնահարկում այնքա՜ն հուշեր կան փոշու մեջ թավալվող, այնքա՜ն խտացած երջանկություն...

Հուշն ամենուր է՝ քո մեջ, քո տան հիշողությունների մեջ, սենյակիդ դասավորության մեջ, որտեղ աներևույթ կերպով նշված է քո տեղը աթոռի մաշվածությամբ, սեղանի դիրքով, լամպի լուսավորությամբ, և այն միակ անկյունագծով, որը քեզ հնարավորություն էր տալիս մոտենալ սեղանին: Եվ ամեն անգամ մտովի ներս մտնելիս դու բնազդաբար գնում ես հենց նույն այդ անկյունագծով: Պատից` արծաթյա հին շրջանակի մեջից քեզ է ժպտում մի երեխա...

Քո ամեն հուշ կրում է քո հոգու սպիները: Իսկ հուշերն ավելի հաճախ իրերի վրա են դրվում: Սակայն իրերը երբեմն փշրվում են, ինչպես մանկության քո տունը: Բայցևայնպես նրանք քեզ պատմում են մի բանի մասին, որ ոչ ոք չի կարող պատմել…

Մանկության խաղալիքներդ հիշելիս (հատկապես այն մեկը, որին առանձնահատուկ էիր սիրում) սիրտդ կծկվում է, որովհետև այդ խաղալիքը քեզ միշտ մխիթարել է և ուղեկցել ինպես հաճույքների, այնպես էլ տխրության պահին։

Հուշերը գտնվում են քո ամենածածուկ էության մեջ ու կերտում են քո կյանքի բարոյականությունը: Որովհետև նրանք հիմնականում խոսում են քեզ հետ քո կյանքում եղած ամենադրականի մասին: Դրանք քո գոյության համառոտագրություններն են, առանձին դրվագներ, որոնց դու ինքնաբերաբար միացնում ես կյանքի մասին ունեցած գիտելիքներիդ:

Կանգ առ երբեմն, վերանայիր դրանք հանգիստ, զինվիր դրական լիցքերով...Սակայն հուշերից մի պահանջիր, որ երջանիկ դարձնեն քեզ: Հարցրու նրանց թե ինչքանո«վ ես դու երջանիկ, կամ ինչո՞ւ երջանիկ չես...

Նրանք քեզ կբացատրեն, գուցե նույնիսկ կասեն, որ դու հիմա էլ երջանիկ ես, կամ գոնե, որ երջանկությունն անհնարին չէ...

No comments:

Post a Comment