22.7.12

ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....


Գարնան հեքիաթի գիշերում ծնված
Զուլալ ու փայլուն մի ցողի նման
Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
Սիրահար աչքիս երազ թափանցիկ,
Իմ «իրակա՜նս», ես քեզ զգացի
Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
Արևի առաջին շողերից անսանձ
Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
Ալեկոծ ծովի ծարավ երախում….

No comments:

Post a Comment