17.9.13

Մա՞յր , թե՞ հայր…

Մոր դերի մասին կյանքում շատ է խոսվել ու խոսվում, մայրը սրբացվում է, բոլորս հիանում ենք երեխային ուղղված մոր հայացքով, այն շարունակ պատկերում ենք կտավների վրա, նույնացնելով Աստվածածնի հետ, ավելին, մի սրբազան երկյուղածությամբ դարձնում ենք բացարձակ սիրո մարմնավորում:
Լիակատար մայրությունը հաջողությամբ մեջտեղից վերացնում է հորը, ասես երեխային լույս աշխարհ բերելը մի վերջնական նպատակ ունի, որն ավելի շատ նպատակ է քան սկիզբ:
Իսկ հա՞յրը: Նրան միշտ թերագնահատում են, որովհետև նրա դերը թվում է ավելի հեշտ, որովհետև ծննդաբերության ցավեր չի կրել, որովհետև այդ ծնունդը նրա համար միայն մի փոքրիկ հաճույք է եղել, իսկ մայրությունը կնոջ համար մի ծանր պարտականություն կատարել է:
Մայրը նա է, ով «ունենում է», հայրը նա է, ով «շինում է», որպեսզի մայրը ունենա:
Ըստ իս այդ «շինելու», ստեղծելու մեջ ավելի շատ երջանկություն կա, քան ունենալու:
«Մարմինն է իմ մարմնից»,- ասում է մայրը: «Իմ արյունն է»,- ասում է հայրը: Ուշադիր եղեք այդ պահին, ու կտեսնեք թե ինչքան երկյուղախառը ցանկություն կա այդ խոսքերում ու բորբոքուն կրակ` աչքերի մեջ:
Մոր հայացքը հիանում է իր ունեցածով: Հավանաբար սրանում է Մոր սիրո ցայտուն լինելու գաղտնիքը, իսկ հայրը երեխա չունի, նա երեխայի պահեր ունի: Հայրը երեխայի հետ երեխա է դառնում, իսկ երեխայի զգացմունքները դժվար է հասկանալ, նա միայն արտասվել ու ծիծաղել գիտի դեռ ու այն էլ շատ հախուռն: Նույն կերպ և հայրը: Հոր հայացքը բաղկացած է խաղից, և ամբողջովին փոխակերպումների մեջ է, այդ հայացքի մեջ կարող է լինել նաև խանդ երեխայի նկատմամբ, որին գնել է գնացք, որ ինքը երբեք չի ունեցել: Հայրը մեծ երեխա է:
Ինչևէ, մայրն անվիճելիորեն մայր է, իսկ հայրը ծագման ակունքն է` պոտենցիալ լինելիություն...
06.05.2010թ.

No comments:

Post a Comment