11.2.12

Նորից ինքս ինձ...


Հիմա արդեն էլ ետ մի նայիր,
Հիմա քամին կանգնեց ու դու հասկացար,
Հիմա միայն խոր հոգոց հանիր,
Հոգնած թոքերդ թող առնեն դադար....

Ձմեռն արդեն սպիտակն առավ իր թևի տակ,
Ցեխոտ լաթերով գարուն պիտի գա,
Գարուն պիտի գա` որպես հիմար կատակ,
Իսկ դու` անկարող, իսկ դու` անզգա....

Հիմա շարժը լոկ տեղաշարժ է, պտույտ,
Հիմա քամին կանգնեց, դու հասկացար,
Հոսիր իրերի հետ, հիմա էլ ի՞նչ փույթ,
Հիմա շղարշն իջավ, դու ամեն ինչ տեսար....

Օրերը կգան, հերթով, կկաղկանձեն,
Ու կհեռանան` որպես ճամփաչափ,
Օրերում` դո՛ւ, գլխահակ, անզեն,
Էլ ետ մի՛ նայիր, քայլիր համաչափ....

Հետո....

Օրը կգա ու իր հետ կբերի ոչինչ,
Ցավը կլինի կատարյալ, ցավը կլինի անճիչ,
Կաքդ թող իրերին ու քայլիր անվախ,
Ամեն ինչ արդեն հստակ է, դու` ամենից անկախ....

Ու երբ գարուն կգա, նա քեզ աշուն կերգի,
Եր ամառն այրվի, ձմեռ կավետի,
Չափից շատ արցունք կա անձրևում աղի,
Երկնքի կեղծ լացը պիտի հողը դաղի.....

Իսկ դու հեռու մնա, հեռու այդ ստոր խաղից,
Ականջներդ փակիր այդ ցավածեծ տաղից,
Արդեն գիտես հստակ ամեն հոսք ու ալիք,
Ու երբ հուշդ գրկած հոսես փողոցներով,
Միտքդ հեռու պահիր անցորդների հևքից.....

Հիմա շղարշն իջավ, դու ամեն ինչ տեսար,
Հիմա քամին կանգնեց ու դու հասկացար,
Որ էլ ոչ ոք երբեք քո դուռը չի թակի,
Արդեն հունդ գիտես, իրերի հետ հոսի....

Հոսիր, լո՜ւռ, անդադա՜ր....

.... Դու հասկացար....

2003թ.

No comments:

Post a Comment