28.7.13

(«Կիսատներս» շարքից)

Նա արևի հետ էր      
Խաղ ըսկսել,
Բայց չգիտեր, որ
Արևը ներսից
Պիտ ծագեր այսօր
Ու կուրծքը պատռեր…

3.5.13

Մարգարեական


/«Կիսատներս» շարքից/

Երբ մի օր դուռդ կբացես,
Որ մաքրես հոգուդ սենյակը,
Կթափես ցեցոտված ողջ հնոտին,
Ու... ոչինչ չի մնա տակը...

4.1.13

Ծառը...


Մենության մեջ կանգնած է նա՝
Չոր ու դալուկ ճյուղերը իր երկինք ցցած:
Ոչ ոք չկա, ոչինչ չկա, մենակ է նա
Տերև չունի, շվաք չունի, ո՞վ մոտ կգա....

Ոչ մի անցորդի չի հրապուրում,
Ոչ ոք չի գալիս նրան տեսության,
Առաջվա կյանքը այսօր չի խնդում,
Այսօր նա չոր է, այսօր ծեր է նա:

Շիվերը նրա պտուղից բուսած,
Սնված մայրական քաղցր սնունդով,
Հեռու են քաշվել իրենց դալարած
Ծաղկած ճյուղերը մի կողմ պահելով:

Գոնե հով արեք ձեր մորը սիրող,
Ճյուղերով նրա քրտինքը սրբեք,
Չէ՞ որ մարմինը արևից այրվող
Ձեզ սնելով է այսպես չորացել:

Քանի՜ գարուն է, նա էլ չի ծաղկում,
Վերջին գարունն էլ գուցե չտեսնի,
Կջարդվի մեջքը մի անփույթ քամուց
Քարե ծանրությամբ կընկնի գետնին:

Կգտնի մի ծեր փայտահատ նրան,
Որախ ու զվարթ իր տուն կտանի,
Ուր կացինը սուր միայնակ ծառի
Ճակատագիրը կվերջաբանի....

15.10.12

ԳԻՆՈՎՑԱԾ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ


Գինուս բաժակի կարմիրի ներքո
Lողում է ճերմակ պատկերդ լռին,
Սերն ու բաժանումը իմ ու քո
Բաժակիս հետ մոտենում են շուրթերիս...

Կենա՛ցդ լինի, անցած, կորած սեր,
Աղբյուր հաճելի հոգեվարքների,
Սպասման ժամանակ զուր կորցրած ժամեր,
Որ ինձ այլևս չեք հյուրընկալվի...

Գնացին, անցան, անցար նաև դո՛ւ.
Մենակ եմ հիմա շշով գինու հետ,
Գինին անհագուրդ խմում եմ, հարբում,
Ու օրորվելով փորձում հասնել քեզ...

Գինուց թմբիր է իջնում աչքերիս,
Բայց մշուշի մեջ էլ գտնում եմ ես քեզ.
Գինին կաթում է իմ չորս պատերից,
Գինու շշի մեջ եմ ընկել արդեն ես......

20.9.12

ՀՈՒՇԸ...


Պահիր հուշը քո թանկ.
Նրա խորքերում
Սրբություններիդ ձայներն են ապրում,
Բույրերն են ապրում սրբություններիդ...

Ու վերապրումի թրթռումներով
Զգո՜ւյշ ընկղմվիր խորքերը նրանց
Եվ քո օրերի քայլերգը հյուսիր
Այնտեղ անթեղված լույսով սրբագույն...

Պահիր հուշը թանկ,
Ինչպես պահում են լուսանկարը....
Կորցրած զավակի...